Ատլետիկ vs Ռեալ Սոսիեդադ. բասկյան դերբիի լեգենդները
Երկու բասկյան ակումբները` «Ատլետիկն» ու «Ռեալ Սոսիեդադը», կարող են պարծենալ հանդիպումների ժամանակ ստեղծվող ընտանեկան մթնոլորտով։
Հաճախ բասկյան դերբիների ժամանակ երկու ակումբների երկրպագուներին կարելի է տեսնել մարզադաշտում միմյանց հետ նստած, ովքեր միասին վայելում են դաշտում կատարվողը։
Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ խաղադաշտում նույնպես բարեկամական մթնոլորտ է տիրում, և, ինչպես ցանկացած դերբի, այս մեկը նույնպես աչքի է ընկնում իր կոպտությամբ և համառ պայքարով։
Այժմ կներկայացնենք բասկյան դերբիի լեգենդներին։
Տելմո Սարա («Ատլետիկ Բիլբաո», 1940-1955 թթ.)
Նախքան Լեո Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանը, Լա լիգայում հենց Տելմո Սարային էին պատկանում ռմբարկուական բազմաթիվ ռեկորդներ։
Սարան «Ատլետիկի» կազմում անցկացրած 15 տարիների ընթացքում մասնակցել է 354 հանդիպման` խփելով 337 գոլ ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։
Սարան Լա լիգայի շրջանակում անցկացրած 278 խաղում դարձել է 251 գոլի հեղինակ ու 59 տարի հենց նա էր «Պրիմերիայի» պատմության լավագույն ռմբարկուն, և միայն 2014 թ. Լեո Մեսսին գերազանցեց այդ ցուցանիշը։
Սարան 81 գոլ էլ խփել է Իսպանիայի գավաթի շրջանակում ու մինչ օրս մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն է։
Բացի դրանից, լեգենդար նախկին ֆուտբոլիստն իր ուրույն դեղն ունի նաև բասկյան դերբիներում։ Սարան «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղերում Լա լիգայի շրջանակում խփել է 14 գոլ ու այդ դիմակայության լավագույն ռմբարկուներից մեկն է։
1950/51 մրցաշրջանում կայացած բասկյան դերբիներից մեկում Տելմո Սարան դարձավ պենտա-տրիկի` 5 գոլի հեղինակ` օգնելով «Ատլետիկին» մրցակցին ջախջախել 7:1 հաշվով։
Խեսուս Սատրուստեգի («Ռեալ Սոսիեդադ», 1973-1986 թթ.)
Խեսուս Սատրուստեգին Տելմո Սարայի հետ բասկյան դերբիների պատմության լավագույն ռմբարկուն է, ով նույնպես դարձել է 14 գոլի հեղինակ, որոնցից 13-ը` Լա լիգայի շրջանակում։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի գոլահարը «Ռեալ Սոսիեդասի» համար չեմպիոնական 1980/81 մրցաշրջանում կայացած երկու դերբիներում էլ դարձել է դուբլի հեղինակ` օգնելով «Լա Ռեալին» հաղթել նախ 4:1, ապա` 2:0 հաշվով։
Հատականշական է, որ Սատրուստեգին «Ռեալ Սոսիեդադի» կազմում դարձել է 159 գոլի հեղինակ ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։
Անտուան Գրիզման («Ռեալ Սոսիեդադ», 2009-2014 թթ.)
Նախքան «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելը, Անտուան Գրիզմանն սկսել է մեծ ճանաչում ձեռք բերել «Ռեալ Սոսիեդադի» կազմում խաղալու տարիներին և մեծ հաջողությունների է հասել այն բասկյան դերբիներում, որոնց մասնակցել է։
«Ռեալ Սոսիեդադը» հաղթել է «Ատլետիկ Բիլբաոյին» այն բոլոր դերբիներում, որոնց շրջանակում գոլի հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը։ Ֆրանսիացի հարձակվողը նման հաջողություն գրանցել է 3 անգամ։
Պետք է նշենք նաև, որ «Ատլետիկը» Գրիզմանի ամենասիրելի ակումբն է, որի դեմ տարբեր թիմերի կազմում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 12 գոլի հեղինակ։
Բացի դրանից, Գրիզմանն իր կարիերայի ընթացքում ամենաշատ հաղթանակները տոնել է հենց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղերում (15)։
Նիհաթ Կահվեչի («Ռեալ Սոսիեդադ», 2002-2006 թթ.)
Թուրք հարձակվողը «Սոսիեդադի» կազմում անցկացրել է ընդամենը 3.5 մրցաշրջան, սակայն հասցրել է իր անունն ամրագրել բասկյան դերբիներում։
Այդ ընթացքում Կահվեչին 7 հանդիպում է անցկացրել «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ` դառնալով նույնքան գոլի հեղինակ։
Արից Ադուրիս («Ատլետիկ Բիլբաո», 2002-04, 2006-08 և 2012-2020 թթ.)
Արից Ադուրիսը 3 տարբեր ժամանակահատվածներ է ունեցել «Ատլետիկի» կազմում և այդ ընթացքում դարձել է բասկյան դերբիի անբաժան մասնիկը` գրելով իր անունը պատմության դասագրքերում։
Ադուրիսը «Սոսիեդադի» դեմ անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 6 գոլի հեղինակ։
Ցավոք, Արից Ադուրիսն այդպես էլ չկարողացավ մասնակցել Իսպանիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչին, որի շրջանակում «Ատլետիկը» մրցեց հենց «Լա Ռեալի» դեմ։
Այդ հանդիպումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվեց 1 տարով, իսկ Ադուրիսն իր կարիերան ավարտեց 2020 թ. մայիսին։
Առանց իր գոլահարի` Բիլբաոն ներկայացնող ակումբը 0:1 հաշվով պարտվեց գավաթի եզրափակիչում։
# laliga, Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մինեյրո, Արից Ադուրիս, Բասկյան դերբի, Լա-լիգա, Խեսուս Սատրուստեգի, Նիհաթ Կահվեչի, Ռեալ-Սոսիեդադ, Տելմո Սարա