Ատալանտան փայլուն խաղով ներխուժում է ՉԼ գոտի․ Նապոլին անզոր էր բերգամոսցիների դեմ 🎥
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին»։
Առաջին խաղակեսն անցավ տանտերերի շոշափելի առավելությամբ, որոնք ավելի հաճախ էին սպառնում մրցակցին դարպասի գրավմամբ, սակայն կողմերից և ոչ մեկին վիճակված չէր առաջին կեսում բացել հանդիպման հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին այն հաշվով, որով սկսել էին խաղը։
Թիմերը բոլոր գոլերը պահել էին երկրորդ խաղակեսի համար, որն առաջինի ճիշտ հակապատկերն էր՝ գոլային առատության տեսանկյունից։
Երկրորդ խաղակեսի ընթացքում Ջամպիերո Գասպերինիի սաները , ով, ի դեպ, կարմիր քարտ էր ստացել հանդիպման 26-րդ րոպեին, էլ ավելի մեծացրին ճնշումը մրցակցի նկատմամբ և շուտով սկսեցին քաղել դրա պտուղները։
Խաղի 52-րդ րոպեին «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան վերջապես բացեց հանդիպման հաշիվը՝ թեքելով հաղթանակի նժարն իր թիմի կողմը։
Չնայած ունեցած առավելության՝ Բերգամոն ներկայացնող ակումբն ընդամենը 6 րոպե անց գնդակ ընդունեց մրցակցից, որը 58-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Պյոտր Զելինսկին։
Ամեն դեպքում, «Ատալանտան» այսօր շատ ավելի լավ տեսք ուներ և Ռոբին Գոսենսի և Լուիս Մուրիելի գոլերի շնորհիվ, որոնք խփվեցին համապատասխանաբար 64-րդ և 71-րդ րոպեներին, տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան մրցակցի համեմատ։
Ջենարո Գատուզոյի թիմը չէր ցանկանում այդքան հեշտ հանձնվել և «Ատալանտայի» վերջին գոլից 5 րոպե անց նույն Գոնսենսն այս անգամ ուրախություն պարգևեց արդեն նեապոլիտանական ակումբի երկրպագուներին՝ պատահաբար գրավելով սեփական դարպասը, իսկ հաշիվը դարձավ 3։2։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ Գասպերինիի սաները Քրիստիան Գաբրիել Ռոմերոյի գոլի շնորհիվ փակեցին այս խաղում հաղթողի հետ կապված բոլոր հարցերը՝ ձևակերպելով տանտերերի 4։2 հաշվով հաղթանակը սկզբունքային մրցակցի նկատմամբ։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» իր միավորների քանակը հասցրեց 43-ի և այս պահի դրությամբ եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը։
Նապոլին մնաց 40 միավորով, որին համապատասխանում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ատալանտա, Դուվան Սապատա, Նապոլի, Պյոտր Զելինսկի, Ջանպիերո Գասպերինի, Ջենարո Գատուզո, Քրիստիան Ռոմերո