Ատալանտան հիանալի վերսկսեց առաջնությունը?
Ավելի քան երեք ամիս անց մեկնարկել է իտալական Ա սերիան։ Հունիսի 20-ին և 21-ին կայանում են 25-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումները, որոնցից արդեն կայացել է 3-ը։ «Տորինո» – «Պարմա» խաղում գրանցվել է 1։1 արդյունքը, իսկ «Վերոնան» սեփական հարկի տակ լարված պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ՝ մոտենալով եվրագավաթային գոտուն։
Հունիսի 21-ին էլ պայքարի մեջ մտավ արդեն Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան»՝ Բերգամոյում մրցելով «Սասուոլոյի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից Ջամպիերո Գասպերինիի սաները միանգամից տիրեցին նախաձեռնությանը և 37-րդ րոպեին հաշիվն արդեն 3։0 էր։ Տանտերերի կազմից աչքի էին ընկել Բերաթ Ջիմսիթին և Դուվան Սապատան, իսկ Մեհդի Բուրադիան գրավել էր սեփական դարպասը։
Երկրորդ խաղակեսում «Ատալնտան» խաղը հասցրեց տրամաբանական ավարտին, իսկ կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ 66-րդ րոպեին Դուվան Սապատան դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Սասուոլոյի» կազմից միակ գնդակը խփեց նույն Մեհդի Բուրադիան՝ տուգանային հարվածի իրացումից հետո դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։
«Ատալանտան» վաստակեց 51 միավոր և շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը՝ պայքարելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար։ Բերգամոն ներկայացնող ակումբի հիմնական մրցակիցը «Ռոման» է, որն ունի 45 միավոր։ «Սասուոլոն» 32 միավորով 12-րդն է։
# Ա-սերիա, Ատալանտա, Բերաթ Ջիմիսթի, Դուվան Սապատա, Սասուոլո