Ավանեսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը, ներկայացնող Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին, հայտնում է Metaratings-ի թղթակիցը։
Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը չի ընդունել հավաքականի հրավերը, քանի որ «Բալթիկան» երկրորդ դիվիզիոնի 9-րդ տուրում սեպտեմբերի 9-ին տանը մրցելու է «Տյումենի» դեմ։
Ավանեսյանը որոշել է մնալ ակումբում և օգնել իր թիմին։ Ֆուտբոլիստի համար այժմ առաջնային է ակումբում ամրապնդվելը։
Նշենք, որ «Բալթիկան» անցկացրած 7 խաղից հետո ունի 10 միավոր և 18 թիմերի պայքարում 7-րդ տեղում է։
Ավանեսյանն այս տարվա մարտին հրավիրվել է Հայաստանի հավաքական և Չեխիայի դեմ կայացած ընկերական խաղում (1:2) նորամուտն է նշել ազգային թիմում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը սեպտեմբերի 7-ին պայքարն է սկսելու Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունում։ Հայաստանի հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի չորրորդ ենթախմբում և այդ օրը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լատվիային, իսկ սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային։ Խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից է լինելու նաև Ֆարերյան կղզիների թիմը։
Հիշեցնենք, որ այդ հանդիպումների համար Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է 26 ֆուտբոլիստ։
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պետրակով, Բալթիկա, Հայաստանի-հավաքական, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, Տիգրան Ավանեսյան, ՖԱԼ