Առաջին խմբի ինտրիգներն ու մարզային ֆուտբոլի զարգացման նոր հեռանկարները
Հայաստանի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի` Առաջին խմբի 2023/24 մրցաշրջանն այլ է լինելու։
Ավանդական 10-ի փոխարեն այս տարի մասնակցում է 15 ակումբ , ինչը ենթադրում է էլ ավելի թեժ պայքար՝ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար։
Առաջնությանն ուժեղ կազմով են նախապատրաստվում բոլոր թիմերը։ «Սյունիքը», որն ամենահայկական թիմն է, շարունակում է մնալ հավատարիմ իր սկզբունքներին. կազմը ուժեղացրել է առանց լեգեոնականների՝ ճանապարհ տալով միայն երիտասարդ ու փորձառու հայ ֆուտբոլիստներին։
«Միկան» շարունակում է ուժեղանալ՝ շարունակելով շեշտը դնել սեփական ակադեմիայի տղաների վրա, իսկ «Գանձասարը» մի փոքր ուշ մեկնարկեց նախամրցաշարային պատրաստության մարզումները ու հիմա ակտիվորեն համալրվում է։
«Լեռնային Արցախը», որ կորցրեց տեղը Պրեմիեր լիգայում, հերոսական կամք է դրսևորում։ Լինելով ծանրագույն կարգավիճակում՝ ակումբը շարունակում է գոյությունը պահպանել ու պայքարել Պրեմիեր լիգա վերադառնալու համար, իսկ «Նոան» արդեն ունի երկրորդ թիմ, որը նույնպես հայտավորվել է առաջին դիվիզիոնի՝ այս տարվա թիմերի շարքում։
Երեք նոր ակումբ մարզային ֆուտբոլը փորձելու են զարգացնել ու ձեռնոց նետել վերը նշված ակումբներին իրենց ամբիցիաներով ։
Նորեկներն են «Օնորը» , «Անդրանիկը» ու «Նիկարմը»։
Վերջինս, որպես ակումբ, նոր չէ , սակայն առաջին անգամ է հայտ ներկայացրել հայկական պրոֆեսիոնալ առաջնությունում խաղալու։
«Նիկարմն» ունի 23 տարվա պատմություն, որի տարբեր տարիքային թիմեր մասնակցել են մանկապատանեկան ֆուտբոլի տարբեր տարիքային առաջնություններին ու գրանցել բազում հաջողություններ։
Մի փոքր խոսելով այս ակումբից՝ ցանկանում ենք նշել, որ ակումբն օգոստոսի 6-ին 23 տարվա գոյության ընթացքում առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնրել Հայաստանի Առաջին խմբում և պարտվել «Նոա-2»-ին։
Իջևանը ներկայացնող ակումբը համալրվել է բարձակարգ ու փորձառու ֆուտբոլիստներով, ինչպիսիք են «Լեռնային Արցախի» նախկին կիսապաշտպան Վալդո Ժունիոր Նթոնե Բիլունգան, ում, որպես ֆուտբոլիստ, մեծ աճ հաղորդել Արտաշես Ադամյանը, ինչպես նաև ճապոնացի, եվրոպական ֆուտբոլում թրծված ձախ վինգեր Տոմոյա Շիմամուրան, ով պատրաստվում է դառնալ ակումբի առաջատարներից մեկը։
Շիմամուրայի գործակալ Հայկ Զաքարյանի հետ կարճ հարցազրույց ենք ունեցել, որը ներկայացնում ենք ընթերցոի դատին.
–Ողջույն, Հա՛յկ ։ Շնորհավորելով Ձեզ ու «Նիկարմին» առաջին համագործակցության կապակցությամբ՝ ուզում ենք մի քանի հարց ուղղել Ձեզ։ Ինչպե՞ս կայացավ այս տրանսֆերը։
-Տրանսֆերը կայացել է ավելի քան դրական մթնոլորտում։ Ակումբի ղեկավարների հետ շփվելիս միայն դրական լիցքեր եմ ստացել։ Առանց բարդությունների համագործակցել ենք այս տրանսֆերի շուրջ ու արդյունքում իմ տղաներից մեկը՝ Շիման, պաշտպանելու է իջևանյան ակումբի գույները ։
–Ի՞նչ կասեք Շիմամուրայի մասին։ Ինչպիսի՞ ֆուտբոլիստ է նա։
-Շիման հարձակման գծում շատ պայթյունավտանգ է։ Նա ունի հիանալի արագություն ու տեխնիկա, որոնց շնորհիվ կարողանում է ճեղքել մրցակցի պաշտպանությունը թե՛ եզրերից , թե՛ կենտրոնից։ Անկասկած, նա մեծապես անհանգստացնելու է մրցակիցների պաշտպաններին ու միավորներ է կորզելու իր թիմի համար։ Խորհուրդ եմ տալիս բոլորին՝ հետևել Շիմայի խաղին ։
–Եվ վերջում , ի՞նչ կմաղթեք «Նիկարմին» այս մրցաշրջանում։
-«Նիկարմին» ուզում եմ մաղթել միայն հաղթանակներ ։ Ես տեսել եմ՝ որքան նվիրված են բոլորը աշխատում ակումբում։ Ղեկավարները սրտացավորեն են մոտենում իրենց տղաների ամեն խնդրին ու անհագ ծարավ ունեն հաղթանակների։ Մաղթում եմ, որ նույն կերպ շարունակեն, ու հաղթանակների անսպառ շարքը ուղեկցի նրանց։ Նրանք արժանի են դրան։
Նշենք, որ Հայաստանի Առաջին խմբի 2023/24 մրցաշրջանն օրերս արդեն մեկնարկել է, իսկ պայքարը Պրեմիեր լիգայի ուղեգրի համար հավակնում է լինել թեժ ու գրավիչ ։
Հետևենք հայկական ֆուտբոլին ու աջակցենք մեր թիմերին միասին՝ դեպի վերելքներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ, Առաջին-Խումբ, Հայկ Զաքարյան, հայկական-ֆուտբոլ, Նիկարմ, Օնոր