Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը նորամուտն է նշել նոր ակումբում 📸
Ճապոնիայի J2/J3 Լիգայի առաջին տուրում «Ֆուկուշիմա Յունայթեդը» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվել է «Կոֆուին»։
Հյուրերից հանդիպմանը մասնակցեց նաև 58-ամյա հարձակվող Կաձույոսի Միրուան` փոխարինվելով 20-րդ րոպեին։ Նա աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստն է։
Լեգենդար հարձակվողը պրոֆեսիոնալ ֆուտբոլում է դեռ 1982 թվականից։ Միրուան պատմության մեջ միակ խաղացողն է, որը ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում։
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերայի ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Յոկոհամայում»` 298 խաղ, 27 գոլ։ Ամենահաջողը նա հանդես է եկել «Վերդի Կավասակիում», որի կազմում 199 խաղում 113 գոլ է խփել։
Արտասահմանյան ակումբներից Միրուան խաղացել է բրազիլական «Սանթոսում», «Պալմեյրասում», «Կորիտիբայում», իտալական «Ջենոայում», Զագրեբի «Դինամոյում» (Խորվաթիա) և այլ ակումբներում։
Միրուան 55 գոլով Ճապոնիայի ազգային հավաքականի պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկուն է` զիջելով միայն Կունիշիգե Կամամոտոյին (75 գոլ)։
Վետերան հարձակվողը փետրվարի 1-ին է վարձավճարով տեղափոխվել «Ֆուկուշիմա Յունայթեդ»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Յոկոհամային»։
Նշենք, որ J2/J3 Լիգան Ճապոնիայի երկրորդ ու երրորդ դիվիզիոնների համատեղ առաջնությունն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml