Անպարտելի Բայերն էլ չդիմացավ Լևանդովսկու զորությանը🎥
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լևերկուզենի «Բայ-Արենա» մարզադաշտում, որտեղ առաջնության «Բայերը» մրցեց վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Բավարիայի» դեմ։
Լևերկուզենցիները բավականին հաջող մեկնարկեցին խաղը և 14-րդ անկյունայինի խաղարկումից հետո Պատրիկ Շիկի անզուգական գոլից հետո հաշվի մեջ առաջ անցան։
28-րդ րոպեին Պատրիկ Շիկն իր անվան դիմաց դուբլ գրանցեց, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ֆելքիս Ցվայերը չեղարկեց գնդակը՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։
Երկրորդ տուրն անդընդմեջ «Բավարիայի» մասնակցությամբ հանդիպումներն ընթանում են միանման սցենարով․ մյունխենյան ակումբը մրցում է դեռևս անպարտելի թիմի դեմ, խաղի մեկնարկում գոլ է բաց թողնում, հետո ևս մեկն է բաց թողնում, որը չեղարկվում է, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցնում է հաշիվը։ Լեհ հարձակվողը 43-րդ րոպեին եզրափակեց Թոմաս Մյուլլերի փոխանցումը։
Երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած Հանսի Ֆլիկի սաները սկսեցին «սեղմել» մրցակցին․ վտանգավոր գրոհը վտանգավոր գրոհի հետևից, սակայն գնդակը երկար ժամանակ չէր հայտնվում մրցակցի դարպասում։
Հանդիպման վերջնամասում նախորդ հանդիպման սցենարն էլ ավելի կրկնվեց, քանի որ 90+3-րդ րոպեին Լևանդովսկին կրկին հերթական անպարտելի թիմին պարտության մատնեց, ինչը թույլ տվեց «Բավարիային» գերդրամատիկ պայքարում ոչ միայն հաղթել, այլև կրկին գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոբերտ Լևանդովսկին «The Best FIFA Football Awards»-ի ժամանակ ստացավ «տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի մրցանակը՝ ճանաչվելով 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ։
«Բավարիան» վաստակեց 30 միավոր, շրջանցեց «Բայերին» և բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ «Բայերը» մնաց 28 միավորով, կրեց առաջնության շրջանակում առաջին պարտությունը և նահանջեց 2-րդ հորիզոնական։ 28 միավոր ունի նաև «Լայպցիգը», որն այս տուրում սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Քյոլնի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 հաշիվը։
# The Best FIFA Football Awards, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Պատրիկ Շիկ, Ռոբերտ-Լևանդովսկի