«Երեք առյուծները» ճախրում են! Անգլիան ջախջախեց Ուկրաինային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Եվրո-2020-ի վերջին քառորդ եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։
Անգլիայի հավաքականն իրականացրած առաջին իսկ վտանգավոր գրոհը վերածեց խփած գոլի. 4-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի կատարած փոխանցումից հետո Հարի Քեյնը բացեց խաղի հաշիվը։
Խփած գոլից հետո անգլիացիները մի փոքր սկսեցին ավելի իներտ գործել, ինչից էլ կարող էին օգտվել Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները։
17-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Ռոման Երեմչումը, սակայն նրա հարվածից հետո «երեք առյուծներին» փրկեց դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։
Կարելի է ասել, որ առաջին կեսում դա ուկրաինացիների միակ իրական գոլային պահն էր, իսկ դրանից հետո Գարեթ Սաութգեյթի սաները նախաձեռնությունը պահում էին իրենց ձեռքում ու նախքան ընդմիջման գնալն էլ կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը։
33-րդ րոպեին անգլիացիների գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչից հետո Դեկլան Ռայսը փորձեց ընթացքից կատարած հարվածով աչքի ընկնել, սակայն Գեորգի Բուշանը փրկեց «դեղիններին»։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին Անգլիայի հավաքականի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը պարզապես «երեք առյուծների» բենեֆիսն էր, իսկ գնդակները հենց խաղակեսի մեկնարկեցին մեկը մյուսի հետևից հայտնվում էին Ուկրաինայի հավաքականի դարպասում։
Նախ արդեն 46-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Հարի Մագուայերը, ապա 50-րդ րոպեին անգլիացիների առավելությունը կրկնապատկեց Հարի Քեյնը` այս խաղում դառնալով դուբլի հեղինակ։
Հատկանշական է, որ վերոնշյալ երկու գոլերի դեպքում էլ վերջին փոխանցումը կատարեց Լյուկ Շոուն։
Երկրորդ խաղակեսի շոկային մեկնարկը կարծես սառը ցնցուղ լիներ Անդրեյ Շևչենկոյի սաների համար, ովքեր ոչ մի կերպ չէին կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտի ց։
62-րդ րոպեին Հարի Քեյնը շատ մոտ էր այս խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ, սակայն նրա ընթացքից կատարած հարվածից հետո Գեորգի Բուշանը դարձավ ֆանտաստիկ սեյվի հեղինակ, իսկ անգլիացիներն այդ դրվագում վաստակեցին անկյունայինի իրավունք,որի խաղարկումից հետո էլ Ջորդան հենդերսոնը, ի վերջո, հաշիվը դարձրեց 4:0։
Այդ գոլից հետո Գարեթ Սաութգեյթն սկսեց հերթով փոխարինել իր առաջատար ֆուտբոլիստներին, ինչն էլ նպաստեց, որ խաղի տեմպը մասամբ ընկավ։
Ուկրաինայի հավաքականը փորձեց ինչ-որ կերպ «թրջել» հաշիվը, սակայն Շևչենկոյի սաների խաղում ոչինչ չէր ստացվում։
Ինչպես պարզվեց հետագայում, 63-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի խփած գոլն այս խաղում վերջինն էր, և Անգլիայի հավաքականը ջախջախեց 4:0 հաշվով Ուկրաինային` նվաճելով Եվրո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Դանիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անգլիայի հավաքական, Անդրեյ-Շևչենկո, Գարեթ Սաութգեյթ, Գեորգի Բուշան, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Հարի Մագուայեր, Հարի Քեյն, Ուկրաինայի հավաքական, Ջորդան Հենդերսոն, Ռահիմ-Սթերլինգ