Անգլիական գրանդը վստահ է, որ շուտով ավարտին կհասցնի Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում անորոշ մնալ. հոլանդացի ֆուտբոլիստը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Չելսին» վստահ է, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցնի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» տևական ժամանակ է լրջորեն հետաքրքրված են Դե Յոնգի ծառայություններով ու նրա տրանսֆերի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «բլաուգրանայի» հետ։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց պատրաստ է «Բարսելոնային» վճարել այնքան, որքան կատալոնական ակումբը ցանկանում է վաստակել 25-ամյա ֆուտբոլիստի վաճառքից` 80 մլն եվրո։
Նշվում է, որ «թոշակառուներն» այժմ անձնական պայմանագիր են պատրաստում Դե Յոնգի համար, որը նախատեսված է լինելու մինչև 2027 կամ 2028 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ անցնող ամիսներին հոլանդացի ֆուտբոլիստի ապագան առավելապես կապվում էր միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Մանկունյական ակումբը գործարքի հարցում նույնիսկ համաձայնության էր հասել «Բարսելոնայի» հետ, որի դիմաց վճարելու էր 60+20 մլն եվրո, սակայն այն չկայացավ` կապված կատալոնական ակումբի` հոլանդացի ֆուտբոլիստի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների հետ։
Բացի դրանից, Ֆրենկի դե Յոնգը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ