Անգլիական գրանդը մշտապես կապի մեջ է Մբապեի ներկայացուցիչների հետ
Ինչպես արդեն գիտեք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է 2021 թվականի ամռանը հեռանալ ակումբից և այդ մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը։
Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարները պայմանագրի երկարաձգման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել խաղացողի հետ։ Գործող համաձայնագիրը կողմերի միջև ավարտվում է 2022 թվականին։
««Ռեալն» մշտապես եղել է իմ երազանքների ակումբը»,- մշտապես նշել է ֆրանսիացի հարձակվողը։ Մբապեն կարող էր հայտնվել Մադրիդում, երբ հեռանում էր «Մոնակոյից», սակայն նա որոշեց չխախտել իր զարգացման հեռանկարները և տեղափոխվեց ՊՍԺ։ Հավանական է, որ եթե չլիներ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը, ապա մադրիդյան ակումբը կփորձեր նրան հենց այս ամռանն էլ ձեռք բերել։
«Արքայական» ակումբի ղեկավարները վստահ են, որ հաջորդ ամռանը կարող են ձեռք բերել Կիլիան Մբապեին, ինչպես նաև «Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան։ «Ռեալը» հույս ունի, որ ֆրանսիացի հարձակվողը նոր պայմանագիր չի կնքի ՊՍԺ-ի հետ և ճնշում կգործադրի ակումբի ղեկավարության վրա, որպեսզի բաց թողնի նրան։
Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն մեծ հիացմունքով է վերաբերվում նաև «Լիվերպուլին» և այն ծրագրին, որը ղեկավարում է Յուրգեն Կլոպը։ 2016 թվականին գերմանացի մասնագետը փորձել է համոզել Մբապեին համալրել մերսիսայդյան ակումբի շարքերը, իսկ 2017 թվականին ակումբի ամերիկացի սեփականատերերից մեկը կապ է հաստատել ֆուտբոլիստի ընտանիքի հետ։ Հաղորդվում է, որ անգլիական ակումբի և Մբապեի ներկայացուցիչների միջև կապը երբեք չի էլ դադարել։
Սպասվում է, որ Կիլիան Մբապեն միանշանակ չի դառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, քանի որ դա կփակի նրա՝ «Ռեալ» տեղափոխությունը։ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը նույնպես գրեթե բացառված է։ Դա էլ կապված է նրա հետ, որ ՊՍԺ-ի քաթարյան շեյխերը պարզապես չեն թույլատրի, որ իրենց ամենաթանկարժեք ֆուտբոլիստը համալրի ԱՄԷ-ի շեյխերին պատկանող ակումբ, իսկ «Յուվենտուսն» ու «Բավարիան» հետաքրքրված չեն խաղացողի ծառայություններով։
Այսպիսով, սպասվում է, որ խաղացողի համար կպայքարեն միայն «Ռեալն» ու «Լիվերպուլը»։
# Բավարիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ