Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

01/06/2024 - 10:00

Այսօր` հունիսի 1-ին, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը. միմյանց դեմ են մրցելու Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։

«Արքայական» ակումբը 18-րդ անգամ է խաղալու եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ «Ռեալը» նախորդ 17 եզրափակիչներից 14-ում հաղթել է և մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ «Սերուցքայինները» վերջին 8 եզրափակիչներում միայն հաղթել են։ Ակումբը նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել է հեռավոր 1980/81 մրցաշրջանում` 0:1 հաշվով զիջելով «Լիվերպուլին»։

Դորտմունդի «Բորուսիան» միայն երրորդ անգամ է խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Գերմանական ակումբը նախորդ երկու դեպքերից մեկում նվաճել է բաղձալի գավաթը, երբ 1996/97 մրցաշրջանում եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ «Բորուսիան» 2013 թ. նույն` «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Մյունխենի «Բավարիայի» դեմ և պարտվեց 1:2 հաշվով։

«Բորուսիան» ու «Ռեալը» միմյանց հանդիպել են 14 անգամ։ Մադրիդցիները տոնել են 6 հաղթանակ, «Բորուսիան»` 3, ևս 5 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։

Դիմակայության լավագույն ռմբարկուն 7 գոլով մադրդիայն գրանդի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։

Հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Սլավկո Վինչիչ (Սլովենիա)

Եզրային մրցավարներ – Տոմաժ Կլանչնիկ, Անդրաժ Կովանչիչ (երկուսն էլ` Սլովենիա)

Չորրորդ մրցավար – Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Նեյց Կայտազովիչ, Ռադե Օբրենովիչ (երկուսն էլ` Սլովենիա), Մասիմիլիանո Իռատի (Իտալիա)

Հավելենք, եզրափակիչ հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023