Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Այսօր` մայիսի 28-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։
Երկու ակումբներն էլ պայքարն սկսեցին մրցաշարի խմբայից փուլից և առաջին հորիզոնականով դուրս եկան փլեյ-օֆֆ։
«Լիվերպուլն» ընդգրկված էր B խմբում և հաղթեց բոլոր 6 խաղերում` առաջ անցնելով «Ատլետիկո Մադրիդից» (3:2, 2:0), «Պորտուից» (5:1, 2:0) և «Միլանից» (3:2, 2:1)։
«Արքայական» ակուկբն ընդգրկված էր D խմբում, որի շրջանակում վաստակեց 15 միավոր։ Կառլո Անչելոտիի թիմը, անցկացրած 6 խաղում, կրեց միայն մեկ պարտություն։
«Ռեալը» խմբում գերազանցեց «Ինտերին» (1:0, 2:0), «Շերիֆին» (1:2, 3:0) ու «Շախտյոր Դոնեցկին» (5:0, 2:1)։
Մրցաշարի փլեյ-օֆֆ-ում Յուրգեն Կլոպի թիմը, «Ռեալի» համեմատ, գործնականում ավելի հեշտ ճանապարհ անցավ մինչև եզրափակիչ ու պայքարից դուրս թողեց «Ինտերին» (2:0, 0:1), «Բենֆիկային» (3:1, 3:3) և «Վիլյառեալին» (2:0, 3:2)։
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա մադրիդյան ակումբը, կարելի է ասել, անհնարինն արեց ու անհավանականան խաղերում մրցաշարից դուրս թողեց ՊՍԺ-ին (0:1, 3:1), «Չելսիին» (3:1, 2:3) և «Մանչեսթեր Սիթիին» (3:4, 3:1)։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Ռեալի» լավագույն ռմբարկուն Կարիմ Բենզեման է, ով խփել է 15 գոլ։
Ֆրանսիացի հարձակվողն ընդհանրապես գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Լիվերպուլի» կազմից լավագույնը Մոհամեդ Սալահն է. եգիպտացի վինգերը խփել է 8 գոլ։
«Արքայական» ակումբն արդեն 17-րդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և նախորդ 13 դեպքերում տիրացել է բաղձալի գավաթին, ինչը բացարձակ ռեկորդ է մրցաշարի պատմության մեջ։
Մադրիդյան ակումբը պարտվել է միայն 3 եզրափակիչներում` զիջելով «Լիվերպուլին» (1980/81, 0:1), «Ինտերին» (1963/64, 1:3) և «Բենֆիկային» (1961/62, 3:5)։
«Լիվերպուլը» նույնպես բավական հաջող է հանդես է եկել իր նախորդ եզրափակչներում։
Մերսիսայդյան ակումբը 9 անգամ է խաղացել մրցաշարի եզրափակիչում ու 6 անգամ բարձրացրել է գավաթը։
«Կարմիրները» եզրափակիչներում պարտվել են «Յուվենտուսին» (1984/85, 0:1), «Միլանին» (2006/07, 1:2) և «Ռեալ Մադրիդին» (2017/18, 1:3)։
«Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը» միմյանց դեմ պաշտոնական խաղերում մրցել են 8 անգամ։
4 հաղթանակ տոնել են «սերուցքայինները», 3 հաղթանակ` «կարմիրները», մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
«Ռեալն» այդ խաղերում խփել է 10, իսկ «Լիվերը»` 8 գոլ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում կողմերը հանդիպել են երկու անգամ` տոնելով մեկական հաղթանակ։
1980/81 մրցաշրջանում հաջողությունն ուղեկցել է «Լիվերպուլին» (1:0), իսկ 2017/18 մրցաշրջանում` «Ռեալ Մադրիդին» (3:1)։
«Ռեալ» – «Լիվերպուլ» դիմակայության լավագույն ռմբարկուն Կարիմ Բենզեման է, ով խփել է 4 գոլ։
Վինիսիուսի, Գարեթ Բեյլի ու Սթիվեն Ջերարդի անվան դիմացել կա երկուական գնդակ։
Վերջում առաջարկում ենք ծանոթանալ այսօրվա հանդիպման մրցավարական անձնակազմին։
Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
Եզրային մրցավարներ – Նիկոլյա Դանո, Սիրիլ Գրենգոր (երկուսն էլ` Ֆրանսիա)
Չորրորդ մրցավար – Բենուա Բաստիեն (Ֆրանսիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիսար, Վիլի Դելաժո (երկուսն էլ` Ֆրանսիա), Մասիմիլիանո Իրատի և Ֆիլիպո Մելի (երկուսն էլ` Իտալիա)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Կարիմ-Բենզեմա, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ