Այաքսը շատ լավ տեսք ուներ, սակայն Լիվերպուլն օգտվեց մրցակցի սխալներից🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում D խմբի առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։
Հանդիպումը բավականին դինամիկ և ագրեսիվ պայքարում անցավ։ Խաղը մեկնարկեց «Լիվերպուլի» առավելությամբ։ Մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները կարող էին հաշվի մեջ առաջ անցնել արդեն 6-րդ րոպեին, երբ Կյորտիս Ջոնսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ժամանակի ընթացքում Ամստերդամը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները կարողացան տարածքային և խաղային առավելություն ստանալ՝ մի քանի անգամ սպառնալով մրցակցի դարպասին, սակայն, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասն էլ անցավ «Այաքսի» առավելությամբ։ Հատկապես հիշատակման է արժանի 57-րդ րոպեին հյուրերի ստեղծած կրկնակի գոլայի պահը, երբ Էնթոնիի հարվածից հետո «կարմիրներին» փրկեց 22-ամյա երիտասարդ դարպասապաին Կուիվին Կելեհերը, իսկ վրա հասած Դավիդ Ներեսի հարվածից հետո «Լիվերպուլին» փրկեց դարպասաձողը։
Այդ դրվագից անմիջապես հետո՝ 58-րդ րոպեին, Յուրգեին Կլոպի սաները բացեցին խաղի հաշիվը։ Նեկո Վիլյամսի աջ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կոպտագույն սխալ թույլ տվեց դարպասից դուրս գալիս, ինչի արդյունքում Կյորտինս Ջոնսը գրավեց դատարկ դարպասը։
Խաղի մնացած ժամանակահատվածում Էրիկ Տեն Հագի սաները շատ ավելի լավ տեսք ունեին և մի քանի անգամ կարող էին փրկել խաղը, հատկապես հիշատակման է արժանի 88-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կլաս-Յան Հունտելաարի գլխով հարվածը, ինչից հետո Կելեհերը հիանալի սեյվով փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Այսպիսով, մերսիսայդյան ակումբը 1։0 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ, և օգտվելով «Ատալանտա» – «Միդյուլլան» խաղում գրանցված արդյունքից, 12 միավորով նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։ «Ատալանտան» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել խմբի հետնապահին և գրանցվեց 1։1 արդյունքը։ Բերգամոն ներկայացնող ակումբն այդ ոչ-ոքիից հետո վաստակեց 8 միավոր և D խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, «Այաքսը» 7 միավորով 3-րդն է, իսկ «Միդյուլլանը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Այաքս, Անդրե Օնանա, Ատալանտա, Լիվերպուլ, Կյորտիս Ջոնս, Միդյուլլան, Չեմպիոնների-լիգա