Աղբյուր. «Լա լիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով»
Վերջին անկայուն ու անկանոն մրցելույթներից հետո Հենրիխ Մխիթարյանի` ապագան «Ռոմայում» դարձել է մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է Gol Digital պարբերականը, հայազգի կիսապաշտպանը հայտնվել է «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` Մխիթարյանի ծառայություններով անձամբ հետաքրքրված են «Սևիլիայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին ու գլխավոր մարզիչ Խուիլեն Լոպետեգին։
Նշվում է, որ իսպանացի մասնագետը նույնիսկ որոշել է, թե որ դիրքում է պատրաստվում տեղ հատկացնել Մխիթարյանին։ Խոսքը վինգերներից մեկի դիրքի մասին է, քանի որ անդալուսական ակումբի առաջատարներից մեկը` Լուկաս Օկամպոսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Հաղորդվում է, որ «Սևիլիան» չի ցանկանում ձեռքից բաց թողնել 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը` հաշվի առնելով նաև, որ հայ ֆուտբոլիստի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. ամռանը։
Այս գործարքի իրականացմանը կարող է խթանել նաև այն փաստը, որ Մխիթարյանը վերջին շրջանում քիչ խաղաժամանակ է ստանում հռոմեական ակումբի կազմում։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 15 հանդիպում` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լա-լիգա, Խուլիեն Լոպետեգի, Հենրիխ-Մխիթարյան, Ռամոն Մոնչի, Ռոմա, Սևիլիա, տրանսֆերներ