Ազարը, Բենզեման և Ասենսիոն տարեքրի մեջ էին՝ երկրորդ խաղակեսում ոչնչացնելով մրցակցին?
Ավարտվեց իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալն» ու «Վալենսիան»։
Առաջին խաղակեսում «արքայական» ակումբն ուներ առավելություն և ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն հյուրերը նույնպես հետ չէին մնում մրցակցից և ունեին աչքի ընկնելու լավ պահեր։ Հատկապես ակտիվ էր Ռոդրիգո Մորենոն, ում հարվածից հետո մրցակցին փրկեց ուղղահայաց դարպասաձողը։ Հիշատակման է արժանի նաև Ջեֆրեյ Կոնդոգբիայի հեռահար հարվածը, որից հետո Տիբո Կուրտուան մեծ դժվարությամբ գնդակը հեռացրեց դեպի անկյունային։
«Վալենսիան» 21-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Ձախ եզրում զարգացած գրոհի արդյունքում Ռոդրիգոն եզրափակեք Մաքսի Գոմեսի փոխանցումը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը իր օգնականների հետ երկար քննարկելուց և տեսակրկնապատկերը դիտելուց հետո որոշեց չարձանագրել վալենսյական ակումբի խփած գնդակը, քանի որ Մաքսի Գոմեսը Խոսե Գայայից փոխանցում ստանալու պահին գտնվում էր խաղից դուրս վիճակում։ Վիճելի դրվագ էր, սակայն ամեն դեպքում, խաղը շարունակվեց 0։0 հաշվից։
Ինչ վերաբերվում է առաջին խաղակեսում «Ռեալի» դրվագներին, ապա կարելի է առանձնացնել Էդեն Ազարի և Դանի Կարխվալի գոլային պահերը, սակայն երկու դեպքում էլ փայլուն խաղաց «Վալենսիայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ռեալը» երկրորդ խաղակեսի հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը և կարելի է ասել ոչնչացրեց մրցակցին։ Զինեդին Զիդանի սաները մրցացկին շնչելու հնարավորություն չէին տալիս։ «Ռեալը» անդադար պրեսինգի էր ենթարկում մրցակցին՝ թույլ չտալով նույնիսկ դուրս գալ սեփական կիսադաշտից, սակայն երկար ժամանակ այդ ամենը չէր տալիս իր պտուղները։
Միայն 61-րդ րոպեին տանտերերին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել։ «Վալենսիայի» կազմում փոխարինման դուրս եկած Կևին Գամեյրոն հարձակման աջ եզրում սխալ փոխանցում կատարեց, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Էդեն Ազարի մոտ։ Բելգիացի ֆուտբոլիստն առաջ շարժվեց, ճանապարհին գնդակը խաղարկեց Լուկա Մոդրիչի հետ և հարվածային դիրք դուրս բերեց Կարիմ Բենզեմային, ով մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։
Խփած գնդակից հետո էլ «սերուցքայինները» չհանգստացան՝ շարունակելով ճնշումը։ 66-րդ րոպեին հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Լուկա Մոդրիչը, սակայն հերթական անգամ փայլեց Սիլեսենը, իսկ 74-րդ րոպեին լուսատախտակին վառվեց 2։0 հաշիվը։
Տոնի Կրոսի իրացրած անկյունայինից հետո «Ռեալի» գրոհը երկրորդ տեմպով շարունակվեց ձախ եզրում, ինչից հետո գնդակը հայտնվեց Ֆերլան Մենդիի մոտ, ով վարպետորեն շրջանցեց Դանիել Վասին, փոխանցեց փոխարինման դուրս եկած Մարկո Ասենսիոյին, իսկ իսպանացի վինգերը մեկ հպումով գրավեց դարպասի հեռավոր անկյունը։
86-րդ րոպեին հաշիվը դարձավ ավելի խոշոր։ «Ռեալի» ֆուտբոլիստները մրցակցի չստացված գրոհից հետո նետվեցին հակագրոհի։ Արագ հակագրոհի արդյունքում Տոնի Կրոսը աջ եզրում գտավ Ասենսիոյին, ով փոխանցեց ազատ դիրքում գնտվող Բենզեմային։ Ֆրանսիացի հարձակվողը մեկ հպումով պաշտպանին խաղից դուրս թողեց, և չսպասելով գնդակն իջնի, այն օդից ուղարկեց մրցակցի դարպասը՝ դառնալով բավականին տպավորիչ գոլի հեղինակ։
Նշենք, որ Մարկո Ասենսիոն գրեթե մեկ տարվա դադարից հետո առաջին անգամ էր խաղադաշտում։ 24-ամյա վինգերը նախորդ տարի հուլիսի 27-ին «Արսենալի» դեմ կայացած ընկերական խաղում կտրել էր ծնկի խաչաձև կապանները, և ահա Ասենսիոն իր վերադարձը նշանավորեց գոլով և գոլային փոխանցումով։
Խաղի վերջնամասն էլ տպավորեց 89-րդ րոպեին «Վալենսիայի» կազմում փոխարինման դուրս եկած Կին Ին Լի կարմիր քարտը։ Հարավկորեացի ֆուտբոլիստը մի քանի անգամ հարվածեց Սերխիո Ռամոսին և արդարացիորեն հեռացվեց խաղադաշտից։
Այսպիսով, «արքայական» ակումբն անատամ առաջին խաղակեսից հետո, երկրոդ կեսում կատարելապես ջախջախեց մրցակցին՝ չտալով որևէ հնարավորություն։ «Վալենսիան» երկրորդ խաղակեսում գեթ մեկ հարված չկատարեց Տիբո Կուտրուայի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Այսպիսի խաղով «Ռեալը» միանշանակ չեմպիոնին վայել խաղ է ցուցադրում, սակայն առաջնության ավարտին դեռևս 9 տուր կա և ամեն ինչ կարող է գլխի վայր շուռ գալ։
«Ռեալը» վաստակեց 62 միավոր և շարունակում է հետապնդել առաջնության առաջատար «Բարսելոնային», որից հետ է մնում ընդամենը 2 միավոր։ «Վալենսիան» մնաց 43 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
# Էդեն-Ազար, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Վալենսիա