Ադրբեջանի հավաքականը կարող է գլխավորել ՄՅՈՒ-ի լեգենդներից մեկը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը առաջարկ է ստացել գլխավորել Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը։ Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը։
Ռոյ Քինը, ով ներկայումս աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, ժամանակին մարզել է «Սանդերլենդը» (2006-08 թթ․), «Իպսվիչ Թաունը» (2009-11 թթ․), ինչպես նաև Իռլանիայի հավաքականում աշխատել է որպես մարզչի օգնական (2013-18 թթ․), պատրաստ է կրկին վերսկսել մարզչական գործունեությունը, իսկ Ադրբեջանի հավաքականը նրան դիտարկում է որպես ամենահավանական թեկնածու, ով կարող է գլխավորել հավաքականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած առաջարկը գրավիչ է, սակայն դեռևս պետք է Քինին համոզեն ընդունել առաջարկը, քանի որ Քինը պետք է վստահ լինի, որ Ադրբեջանի հավաքականը գլխավորելը ճիշտ քայլ է։ Բացի դրանից՝ Քինից պահանջում են առաջիկա 48 ժամվա ընթացքում պատասխան տալ, քանի որ ադրբեջանցիների նախկին գլխավոր մարզիչ Նիկոլա Յուրչևիչին փոխարինելու ժամկետը լրանում է։
Անգլիական ԶԼՄ-ները հաստատում են, որ մի շարք բացահայտ հայտարարությունները Ռոյ Քինին դարձրել են Անգլիայի լավագույն փորձագետներից մեկը, սակայն ինքը՝ Քինը, ամեն դեպքում իրեն համարում է մարզիչ։
# Ադրբեջանի հավաքական, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոյ Քին