ԱԱԱ․ Լիվերպուլը քիչ էր մնում երկու օրում զրկվեր նաև երկրորդ գավաթից?
Քաթարում ընթանում է Աշխարհի ակումբային առաջնությունը։ Անցնող օրերին կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները։
Առաջին կիեսազրափակիչ հանդիպման շրջանակում մրցեցին Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն» և ասիական Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ-Հիլյալի»։ Լատինաամերիկացիները 3։1 հաշվով տարան կամային հաղթանակ։
Ժորժե Ժեզուսի սաներին հաղթանակ պարգևեցին Ջորջիան դե Արասկետայի և Բրունու Էնրիկեի խփած գնդակները, իսկ Ալի Ալ-Բուլահային դարձավ ինքնագոլի հեղինակ։ Ասիացիների կազմից միակ գնդակը հեղինակեց Մոհամեդ Ալ-Բուրայկը։
Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում մրցեցին Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն «Մոնտերեյն» ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլը»։
Թիմերը խաղի մեկնարկում արագ փոխանակվեցին խփված մեկական գնդակով։ Նախ 12-րդ րոպեին «Լիվերպուլին» առաջ մղեց Նաբի Կեյտան, այնուհետեև 14-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոժելիու Ֆունեսը։
Թվում էր՝ Յուրգեն Կլոպի սաները տանելու են հեշտ հաղթանակ, սակայն, ի զարմանս բոլորի, խաղի հետագա հատվածն անցավ հավասար պայքարում, որոշ դրվագներում նույնիսկ մեքսիկական ակումբն ավելի մոտ էր հաղթանակ կորզելուն, սակայն հիանալի հանդիպում անցկացրեց Ալիսոն Բեկերը՝ կատարելով մի շարք կարևոր սեյվեր։
Սակայն, ի վերջո «Լիվերպուլին» հաջողվեց կորզել հաղթանակ՝ դուրս գալով եզրափակիչ։ Մրցավարի կողմից ավելացրած առաջին րոպեին Յուրգեն Կլոպի թիմին հաղթանակ պարգևեց Ռոբերտո Ֆիրմինոն։
Այսպիսիով, դեկտեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ին, Դոհայի «Խալիֆա» մարզադաշտում եզրափակիչ հանդիպման շրջանակում կմրցեն «Ֆլամենգոն» և «Լիվերպուլը։ Նշենք նաև, որ հանդիպումը ցուցադրվելու է «Հ1»-ի ուղիղ եթերով։
# ԱԱԱ-2019, Լիվերպուլ, Ֆլամենգո