ԱԱ-2022. Կրքոտ կիսաեզրափակիչների վերլուծությունը

ԱԱ-2022. Կրքոտ կիսաեզրափակիչների վերլուծությունը

18/12/2022 - 14:37

Արգենտինան վերջին տասնամյակի ընթացքում երկրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնությամ եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով Խորվաթիային:

2014-ին «ալբիսելեստեն» եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց Գերմանիային այն բանից հետո, երբ 113-րդ րոպեին Մարիո Գյոտցեն կոտրեց արգենտինացիների սրտերը և տապալեց «Բարսելոնայի» այն ժամանակվա առաջատար Լիոնել Մեսսիի հույսերը՝ ավելացնելու միջազգային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակն իր նվաճած գավաթների ցանկին։

Այնուամենայնիվ, Մեսսին այժմ ևս մեկ հնարավորություն ունի՝ բարձրացնելու բաղձալի գավաթը։ Արգենտինան կհանդիպի Ֆրանսիային 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում: Երկու թիմերից մեկն իր պատմությանը կավելացնի երրորդ աշխարհի գավաթը, սակայն մինչ այդ վերլուծենք նրանց խաղն ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում։

Արգենտինա 3:0 Խորվաթիա

Մարզիչ Լիոնել Սկալոնին մի քանի տպավորիչ տակտիկական գաղափարներով աչքի ընկավ մրցաշարի ընթացքում, և Արգենտինայի այս թիմի ամենահզոր գոտիներից մեկը կիսապաշտպանությունն է, հատկապես այն դինամիկան, որի հեղինակներն են Էնցո Ֆերնանդեսը և Ռոդրիգո դե Պոլը՝ երկու կենտրոնական կիսապաշտպաններ, ովքեր մինչ այժմ ամենաշատ րոպեներն են անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում մրցաշարի ընթացքում:

Նրանց ներկայությունն է, որ մեծապես օգնեց Ագենտինային հասնել այս արդյունքին, հատկապես, վերջին խաղում։ Կարող ենք ասել, որ այս հաղթանակի «ճարտարապետները» Էնցոն ու Դե Պոլն էին, ուստի առանձնացնենք նրանց խաղը։

Այս մրցաշարի ընթացքում Ֆերնանդեսն Արգենտինայի ամենաշատ փոխանցումներ կատարած կիսապաշտպանն է: Երիտասարդ ֆուտբոլիստի փոխանցումների մեծ մասը լինում են հենց սեփական կիսադաշտում։ Գրեթե բոլոր խաղերում Ֆերնանդեսը իջնում է կենտրոնական պաշտպանների գոտի, ինչը թույլ է տալիս լատերալներին առաջ գնալ։

Ֆերնանդեսը սովորաբար չի մասնակցում Արգենտինայի պրեսինգին և ավելի շատ նախընտրում է ավելի խորքից խաղալ և սկսել գրոհը, այդ պատճառով նա շատ հաճախ փոխանցումներ է կատարում դաշտի եզրեր, քանի որ արգենտինացիները շատ քիչ են գրոհը շարունակում դաշտի կենտրոնում։

Ֆերնանդեսը ցուցադրում է շատ օրինակելի ֆուտբոլ այս առաջնության ժամանակ: Նրանից դժվար է լինում գնդակը խլել և սառնասրտության և տեխնիկական որակի շնորհիվ խուսափում է ճնշումից և գնդակը կորցնելուց։

Այստեղ Ֆերնանդեսը հիանալի հասկանում է առաջ շարժվելու համար մեկ քայլ հետ գնալու անհրաժեշտությունը: Նա այս դրվագում շատ հանգիստ ու սառնասիրտ է գնդակը ստանում այս ճնշման տակ և ոչ միայն պարզապես հեռացնում է գնդակը որքան հնարավոր է հեռու, այլև խելամիտ փոխանցում կատարում դեպի խաղընկերը, ով նոր գրոհի հնարավորություն է ստեղծում․ ահա թե ինչու է Սկալոնին վստահում նրան այդ դիրքը։

Ռոդրիգո Դե Պոլը այս թիմում զգալիորեն տարբերվում է Ֆերնանդեսից: Թեև Ֆերնանդեսից պահանջվում է շատ ժամանակ անվտանգ խաղալ և շատ է մասնակցում գրոհի սկզբնական փուլերին՝ փորձելով անցնել հակառակորդի առաջին գիծը, այնուամենայինիվ մենք հաճախ տեսնում ենք Դե Պոլին մի փոքր ավելի առաջ քաշված դիրքերում:

Դե Պոլն ավելի շատ առաջ փոխանցումներ է կատարում, քան Արգենտինայի մյուս կիսապաշտպանները: Եթե Ֆերնանդեսի և Մաքալիստերի փոխանցումների ճշգրտությունը կազմում է համապատասխանաբար 91,03% և 91,04%, Դե Պոլի մոտ այն ավելի ցածր է` 85,34%:

Դե Պոլն այն դիրքում չէ, որ մյուսների նման ապահով գործ։

Նա խաղում է այնպիսի դիրքում, որտեղից փորձում է դինամիկա և ստեղծագործական խաղ հաղորդել «ալբիսելեստեի» կիսապաշտպանությանը:

Ինչպես ցույց է տալիս փոխանցումների քարտեզը, նա շատ փոխանցումներ է կատարում կիսադաշտում և այն հատվածներում, որտեղ սովորաբար լինում են Արգենտինայի ստեղծագործ հարձակվողները, մասնավորապես՝ Մեսսին:

Այսպիսով, Դե Պոլի՝ խաղացողներին գտնելու ունակությունը վճռորոշ է իր թիմի հաջողության համար: Դե Պոլը պետք է գտնի խաղընկերներին և լավ դիրքերի դուրս բերի նրանց: Սա այն է, ինչով նա տարբերվում է մյուսներից։ Այո՛, նա երբեմն սխալ է կատարում փոխանցումները, նա ավելի ռիսկային դիրքում է, բայց նրան վստահում են։

Նկարում տեսնում ենք, որ գնդակը Դե Պոլին է հասնում, և մրցակիցը թիկունքից ճմշում է։ Այս դերում Էնցոն, գուցե, գնդակը հետ կփոխանցեր, սակայն Դե Պոլը հիմնականում առաջ է փոխանցում կատարում և գործում է աջ կիսաեզրում։ Այստեղ Դե Պոլն արագ վերադասավորում է մարմինը։

Տեսնում ենք, որ Դե Պոլը կրեատիվ փոխանցում է կատարում դեպի առաջ այն խաղացողին, ով փորձում է գնդակով իջնել ավելի ներքև։ Դե Պոլի այս փոխանցումը շատ կարևոր է, քանի որ ուղղահայաց գնդակ խաղարկելը հնարավորություն է տալիս աջ եզրում գտնվող Մոլինային առաջ գնալ, քանի որ խաղընկերը իր հետ բերում է մրցակցի մեկ ֆուտբոլիստի։ Նման խելացի խաղարկումներ Դե Պոլի խաղում հաճախ ենք տեսնում։

Ընդհանուր առմամբ՝ Արգենտինան ավելի լավ տեք ուներ խաղի հենց սկզբում, ինչը չենք կարող ասել խորվաթների մասին։ Տպվարություն էր, թե նրանք առաջին անգամ են այս փուլում խաղում, և լարվածությունը չափազանց շատ էր։

Արգենտինայի գոլը խաղի տրամաբանությունը էապես փոխեց։ Եթե մինչ այդ թիմը վերահսկում էր խաղը և մրցակցին թույլ չէր տալիս վտանգավոր գրոհներ ստեղծել, սակայն, ինչ-որ պահ ամեն ինչ քանդվեց, և առաջին գոլին հաջորդեց արդեմ երկրորդն, ու եվրոպացիները կորցրին խաղի թելը։

Նրանք չէին հասցրել վերականգնվել Մեսսիի գոլից հետո, երբ Ալվարեսը բոլորին բարևներ ուղարկեց, հատկապես, Էրլինգ Հոլանդին և Պեպ Գվարդիոլային։


Երկրորդ կեսում Խորվաթիան չկարողացավ դիմադրություն ցույց տալ։ Արգետինան այս մրցաշարում իր լավագույն խաղերից մեկը, գուցե, հենց լավագույն խաղն անցկացրեց։ Լիոնել Մեսսի հանճարը 35 տարեկանում ֆանտաստիկ ֆուտբոլ է ցույց տալիս՝ թիմին առաջնորդելով դեպի երրորդ աշխարհի չեմպիոնություն։

Ֆրանիսա 2:0 Մարոկկո

Այս աշխարհի առաջնությունում նոր հերոսներ եղան։ Մրցաշարից առաջ երկրպագուները նրանցից ոչինչ չէին սպասում։ Մարոկկոն դարձավ առաջին աֆրիկյան երկիրը, որը մասնակցեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլին։

Կիսաեզրափակիչում լինելու համար նրանք դուրս էին թողել ֆուտբոլային հսկաներին՝ Պորտուգալիային և Իսպանիային, և իրենց հիանալի ճանապարհորդության ընթացքում բաց թողեցին միայն մեկ գոլ: Այնուհետև նրանք հանդիպեցին աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային։ Սա մինչ այժմ Մարոկկոյի ամենամեծ փորձությունն էր մրցաշարում։

Այս խաղը չափազանց մեծ մարտահրավեր էր, քանի որ ֆրանսիացիները շատ մարտական էին տրամադրված։ Ֆրանսիան կարողացավ հաղթել վստահ խաղով։


Աշխարհի ներկայիս գավաթակիրները գործի դրեցին 4-2-3-1 աստղերով լի հիանալի կազմը: Միայն երկու փոփոխություն կատարվեց նախորդ փուլում Անգլիայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո։ Քառորդ եզրափակիչից հետո ֆրանսիական ճամբարում խնդիրներ առաջացան, որը, ի վերջո, Ադրիեն Ռաբիոյին և Դայո Ուպամեկանոյին զրկեցին կիսաեզրափակիչին մասնակցելուց: Նրանց փոխարինեցին համապատասխանաբար Յուսուֆ Ֆոֆանան և Իբրահիմա Կոնատեն։

Ուպամեկանոյին պահեստայինների նստարանին թողնելու փաստարկ կարող է լինել, նույնիսկ եթե նա լիովին մարզավիճակում լիներ, քանի որ Անգլիայի դեմ խաղում համոզիչ չէր նրա խաղը․ Հարի Քեյնը մեկից ավելի անգամ ազատ տարածության վրա դուրս եկավ:

Իսկ Ռաբիոն իր խաղով լռեցրեց մի քանի բազմաթիվ քննադատբերի։


Մարոկկոն նախկինում հանդես էր գալիս 4-3-3 մարտավարությամբ, բայց այս խաղում Վալիդ Ռեգրագին ընտրեց 5-4-1-ը: Ոմանք կպնդեն, որ սա տեսականորեն ողջամիտ քայլ էր, քանի որ այն Մարոկկոյին ավելի լավ հնարավորություն կտար հակագրոհների համար, սակայն սա ավելի խորքային պաշտպանություն էր, որը ազատ ստեղծագործելու հնարավորություն էր տալիս Գրիզմանին ու Չուամենիին։

Եթե ​​դուք նայեիք վիճակագրությանը` առանց բուն հանդիպումը տեսնելու, ապա կզարմանաք, երբ տեսնեք, որ Մարոկկոն ավելի շատ էր գնդակով: Նրանք գնդակին տիրել են ժամանակի 62%-ում, ավելի շատ փոխանցումներ են կատարել (575) և փոխանցումների ավելի բարձր ճշգրտություն ունեն (86%)։ Սակայն, այդ վիճակագրությունը չի ասում, թե ով էր ավելի վտանագավոր ու խելամիտ գործում հարձակվելիս ու պաշտպանվելիս։

Ֆրանսիան «միջանկյալ» պրեսինգ է անում՝ Մարոկկոյին ճնշելու համար․ ահա թե ինչ տեսք ուներ Ֆրանսիայի մարտավարությունը պաշտպանվելիս: Նրանք սկսեցին խաղը բարձր պրեսինգով, որպեսզի փակեն մրցակցի հնգյակը, բայց շուտով հասկացան, որ դրա իմաստը չկա, քանի որ նրանք կիսապաշտպանությունում 5-ով չէին գործում, ուստի անցան ավելի շատ «միջանկյալ» պրեսինգի:


Նրանց մարտավարությունը բավական հետաքրքիր էր. Ժիրուն մի փոքր ավելի խորքից էր գործում՝ եզրային խաղացողների՝ Գրիզմանի և Մբապեի համեմատ, որոնք երկուսն էլ գրեթե խաղում էին կենտրոնական հարձակվողի դիրքում: Այս երկուսը ճնշում կգործադրեին իրենց եզրում գտնվող պաշտպանի վրա, երբ նրանք ստանային գնդակը: Այս ձևը թույլ չէր տալիս անգամ 3 հոգով գրոհն սկսել, ուստի կենտրոնից մարոկկացիները իջնում էին ներքև, սակայն գրոհի հետագա հատվածում Մարոկկոն թվով քիչ էր լինում։

Մարոկկոն շուտով հասկացավ, որ Ֆրանսիային շատ դժվար կլինի քանդել, և «ավտոբուս» խաղալը կենսունակ տարբերակ չէր: Սա ստիպում էր նրանց լինել մի փոքր ավելի ակտիվ ու միտված հարձակմանը, ինչպես նաև լինել ավելի ստեղծագործ, հատկապես, հարձակվողները, ովքեր պետք է անհատապես փորձեին պահեր ստեղծել:

Զիեշը սահում է ներս՝ լայն տարածություն ստեղծելու համար: Այս խելացի շարժումը նույնպես պատահական չէր․ այսպես Մարոկկոն կարողանում էր Ֆրանսիայի հագեցած կենտրոնը շրջանցել: Վերոնշյալ նկարում Զիեշը եկավ դեպի Ֆրանսիայի կիսապաշտպանության կենտրոնը՝ շեղելով մրցակցի ուշադրությունն ու տալով Հակիմիին մեծ տարածություն:

Երկրորդ կեսում Մարոկկոն փոխեց մարտավարությունը։ Նրանք երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկան իրենց բազային 4-3-3 մարտավարությամբ՝ հրաժարվելով 5-4-1-ից, քանի որ նրանք ավելի ակտիվ ու ագրեսիվ պետք է լինեին առջևի գծում։

Ձևի առումով սա նպատակ ուներ (և ձեռք բերեց) երկու հիմնական գործոն. այն թույլ տվեց եզրային պաշտպաններին իսկապես առաջ գնալ և ազատ տարածություններում հայտնվել։ Այն նաև ավելի շատ տարածություն ստեղծեց կենտրոնական մասում՝ թույլ տալով Ամրաբատին ու Ունահին հավաքել գնդակը։ Այս դիրքում նրանք խաղում էին որպես փլեյմեյքեր, սակայն բավականին խորքից, երբ Ֆրանսիան մի փոքր ավելի խորը պաշտպանության անցավ։

Վարանի կատարած փոխանցումը Գրիզմանին դուրս բերեց վտանգավոր դիրք: Նախ, դեղինով ընդգծված Մարոկկոյի խաղացող Սոֆիան Բուֆալը այնպիսի դիրքում է, ով իրականում պաշտպանական գործողություններ չի անում: Նրա մարմնի ձևը ցույց է տալիս, որ նա պատրաստ է ճնշում գործադրել, եթե Ֆրանսիան եզրային փոխանցում կատարի, բայց նրա ուշադրությունը պետք է լիներ կիսապաշտպանության և պաշտպանաության միջին գիծը: Նա կարող էր փակել Վարանի փոխանցումը Գրիզմանին, թեև այս աշխատանքը կարող էր նաև կատարել Ամրաբատը, ով ավելի լավ դիրքում էր, քան Բուֆալը։


Առաջին գոլը ահատական ​​սխալի արդյունք էր։ Երբ փոխանցումը կատարվում է Գրիզմանին, Մարոկկոյի պաշտպան Էլ Յամիկը կարծես սխալ է գնահատում գնդակը, իսկ հետո ամբողջովին բաց է թողնում Գրզիմանին։ Ֆրանսիացին մտնում է տուգանային հրապարակ և, ի վերջո, Ֆրանսիան բացում է խաղի հաշիվը:

Այս խաղում շատ կարևոր էր անհատական բարձր վարպետությունը: Այո՛, երկու կողմերն էլ ունեին հստակ մարտավարական մոտեցումներ, բայց, ինչպես ցանկացած խաղում, անհատական ​​որոշումներն ու գործողությունները մեծ դեր ունեն, հատկապես, Ֆրանսիայի համար, որը պետք է ստեղծագործ լիներ՝ կոտրելու Մարոկկոյի ամուր պաշտպանությունը:


Նախորդ նկարը ցույց է տալիս, թե ինչպես է պաշտպանվում Մարոկկոն, երբ Ֆրանսիան տիրում էր գնդակին։ Այստեղ մենք կենտրոնանում ենք Ֆրանսիայի հինգ կարևոր խաղացողների և նրանց հարձակողական դիրքի վրա:

Ժյուլ Կունդեն, բնականաբար, կենտրոնական պաշտպան է, և հենց սա է իր խաղային հիմնական դերը, բայց նա այս մրցաշարում աջ պաշտպանի դիրքնն է զբաղեցնում: Պաշտպանության առումով սա այնքան էլ չի վնասում Ֆրանսիային, քանի որ նա արագ պաշտպան է, բայց գնդակի հետ վարվել նրան այդքան էլ չի հաջողվում, ինչի պատճառով, ավելի հաճախ, նա մնում էր խորքում և առաջ չէր շարժվում:
Գրիզմանին տրվել է շատ մեծ ազատություն՝ դաշտի ամբողջ երկայնքով գործելու համար։ Մբապեն կանոնավոր կերպով խաղում էր և՛ հենց եզրային գծին մոտ, և՛ կիսաեզրում։ Նա թիկունքում ուներ Թեո Էրնանդեսին, ով հաճախ բարձր էր տեղակայվում՝հարձակմանը միանալու համար։

Երկրորդ գոլի դրվագը ևս կարելի է վերլուծել։ Ֆրանսիացիները խլում են գնդակը Մարոկկոյի անհաջող փոխանցումից հետո։ Ֆոֆանան ստանում է գնդակը, ինչը տարածություն է ստեղծում Դեմբելեի համար։

«Բարսելոնայի» խաղացողը գնդակն ընդունելուց հետո չօգտագործեց տարածությունը, փոխարենը դանդաղեցրեց ընթացքը: Սա, ի վերջո, արգասաբեր էր, քանի որ նա գնդակը վերադարձրեց Մբապեին, ով լավ դիրք էր զբաղեցրել: Այն բանից հետո, երբ Մբապպեն շրջանցեց Մարոկոյի մի քանի պաշտպանների, նրա շեղ հարվածից հետո գնդակը բաժին հասավ փոխարինման դուրս եկած Ռանդալ Կոլո Մուանիին, ով հաշիվը դարձրեց 2-0: Այս գոլը թիմային գրագետ ճշման և հարձակվողների արագ մտածելու արդյունքն էր։


Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Նրանք ցույց տվեցին նաև հաճելի խաղ պաշտպանությունում։ Սա նրանց առաջին չոր հանդիպումն էր։

Մարոկկոն արժանի է հարգանքի։ Բոլորը, բացի Սամուել Էտոից, չէին կանխատեսում, որ Մարոկկոն կհայտնվի կիսաեզրափակիչում:
Մնում է մեկ հանդիպում, որը կորոշի աշխարհի չեմպիոնին։ Արգենտինան կմրցի Մբապպեի դեմ, իսկ Ֆրանսիան`Մեսսիի։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023