Վալենսիան և Լևանտեն ամբողջությամբ համախատասխանում են իրենց քաղաքի բնանկարին ու պատմությանը
Իսպանիայի մեծությամբ երրորդ քաղաքը` Վալենսիան, արդեն 100 տարուց ավելի է Լա լիգայի երկու ակումբների տունն է։
Ընդ որում, թե՛ «Վալենսիան» և թե՛ «Լևանտեն» քաղաքի 800 հազ. բնակչության կյանքում լուրջ դեր ունեն։
Քանի որ երկու ակումբների մարզադաշտերը գտնվում են քաղաքի զբոսաշրջային և առևտրային կենտրոններին համեմատաբար մոտ, արտերկրից ժամանող երկրպագուները կարող են ֆուտբոլն օգտագործել որպես ելակետ՝ ավելին իմանալու Վալենսիայի պատմության մասին:
Վալենսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերը սերտ կապ ունեն քաղաքի երկու ֆուտբոլային ակումբների հետ։
Վալենսիա այցելած այն զբոսաշրջիկներն ու երկրպագուները, ովքեր ժամանակ կտրամադրեն` քաղաքը բացահայտելու համար, կարող են պարզել, թե որքան խորն է ֆուտբոլն ընկմղված քաղաքի կառուցվածքում։

«Մեստալիա» մարզադաշտ
«Վալենսիան» իր տնային հանդիպումները «Մեստալիա» մարզադաշտում անցկացնում է 1923 թ. մայիսից սկսած։ Այն Լա լիգայի գործող մարզադաշտերից ամենահինն։
«Մեստալիան» ունի 55.000 նստատեղ, որի տրիբունաներն անցնող տասնամյակների ընթացքում բազմիցս վերանորոգվել են։

Մարզադաշտն ընդունել է աշխարհի 1982 թ. առաջնության և 1992 թ. օլիմպիական խաղերի հանդիպումները։
«Մեստալիայի» նարնջագույնով ներկված տրիբունան և կենտրոնական հատվածում պատկերված սև չղջիկը «Վալենսիայի» խորհրդանիշներն են։

Դեպի «Մեստալիա» էքսկուրսիան հնարավորություն է տալիս ծանոթանալ ինչպես մարզադաշտի, այնպես էլ «Վալենսիայի» պատմությանը, որը ներառում է նաև ակումբի` Լա լիգայի չեմպիոնական 6 տիտղոսները։
Բացի դրանից, այն պատմում է նաև «չղջիկների» ամենահայտնի ֆուտբոլիստների, այդ թվում նաև` Մարիո Կեմպեսի, Ֆերնանդո Գոմեսի, Դավիդ Վիլիայի, Դավիդ Ալբելդայի և Լա լիգայի ներկայիս դեսպաններից Գայիսկա Մենդիետայի մասին։
«Մեստալիայի» շրջակայքը
«Մեստալիա» այցելած ցանկացած երկրպագուի համար պարտադիր կանգառ է Մանոլո դե Բոմբո բարը, որի սեփականատերը «Վալենսիայի» լեգենդար երկրպագու Մանոլոն է, ով բաց չի թողնում իր սիրելի ակումբի և Իսպանիայի հավաքականի ոչ մի հանդիպում։


Մեկ այլ տեսարժան վայր, որը պետք չէ բաց թողնել «Մեստալիա» մարզադաշտի շրջակայքում, աշխարհահռչակ տեղացի քանդակագործ Նասիո Բայարիի կողմից ստեղծված «Վալենսիայի» երկրպագուներին հարգանքի տուրք մատուցող վիթխարի բրոնզե և երկաթե հուշարձանն է, որը բացվել է Ավենիդա դե Սուեցիայում 1993 թվականին` ակումբի 75-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
«Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտ
«Լևանտեի» տնային «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտը գտնվում է քաղաքի հյուսիսային հատվածում` Օրիոլս թաղամասում։
Մարզադաշտը, որը տեղավորում է 26.354 հանդիսական, կառուցվել է 1969 թվականին և «Լևանտեի» հանդիպումների օրերին նոր շունչ է ստանում, երբ ակումբի հավատարիմ երկրպագուներն սկսում են երգել տարբեր երգեր։
«Սյուդադ դե Վալենսիան» վերջերս լրջորեն վերանորոգվել է, որի ընթացքում տեղադրվել է գերժամանակակից տանիք, լուսավորության նոր համակարգ, նոր լուսատախտակ, ինչի շնորհիվ այն դարձել է միջին դասի եվրոպական լավագույն մարզադաշտերից մեկը։

Աշխատանքային օրերին մարզադաշտը կարծես քնած լինի, քանի որ «Լևանտեն» իր մարզումներն անցկացնում է Վալենսիայից ոչ հեռու գտնվող Բունիոլս քաղաքի իր մարզաբազայում։
«Սյուդադ դե Վալենսիայի» առեղծվածն էլ ավելի մեծացավ 2005 թվականին, երբ «Մալագայի» կիսապաշտպան Դուդան հայտարարեց, թե հանդիպման ժամանակ մարզադաշտում ուրվական է տեսել, ինչի հետևանքով չի կարողացել գոլի հեղինակ դառնալ դատարկ դարպասի դիմաց։

Պատմական հին քաղաքը
Վալենսիայի հին քաղաքը 2000 տարվա պատմություն ունի, որն այցելուները պետք է պարտադիր բացահայտեն, քանի որ արմավենիներով լցված Այունտամյենտո հրապարակը սերտ կապեր ունի «Վալենսիայի» հետ։
Դա այն վայրն է, որտեղ հավաքվում են «Վալենսիայի» երկրպագուները` տոնելու ակումբի նվաճած յուրաքանչյուր տիտղոս։

Տուրիա այգին
«Մեստալիա» և «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտերը հին քաղաքից գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա։
Մարզադաշտերից հեռանալիս յուրաքանչյուր զբոսանք անցնում է Տուրիա գետի հին հունով, որը փոխվել է 1960-ականների տեղի ունեցած վտանգավոր ջրհեղեղների հետևանքով, ինչը թույլ է տվել 9 կմ երկարությամբ քաղաքային այգի ստեղծել, որն ունի 18 կամուրջ, ինչպես նաև բազմաթիվ թանգարաններ, մանկական խաղահրապարակներ և ֆուտբոլային խաղադաշտեր:

Անցնելով Տուրիայի այգով` կտեսնեք 14-րդ դարի Սերանոսի դարպասը, որն ունի հրաշք աշտարակներ։ Մինչդեռ եթե շրջանցեք այդ հատվածը, ապա կհայտնվեք Թագավորական այգիներում։

«Մեստալիա» տանող ամենակարճ ճանապարհը Պուենտե դե լաս Ֆլորես փողոցով անցնելն է։
Այդտեղից մի փոքր հեռու գտնվում է Արվեստի և գիտության ժամանակակից քաղաքը՝ իր համաշխարհային կարգի օվկիանոսագիտական թանգարանով:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
