Thank You and goodbye, Boss ! Ինչո՞ւ են մարզիչները ամենախոցելի անձինք մերօրյա ֆուտբոլում

Thank You and goodbye, Boss ! Ինչո՞ւ են մարզիչները ամենախոցելի անձինք մերօրյա ֆուտբոլում

22/09/2019 - 11:05

Ֆուտբոլը անկանգ տեմպերով զարգանում է, ակումբները նորանոր հաստիքներ են ստեղծում՝ ներգրավելով աշխատակիցների, պաշտոնների «հեղեղը» մի շարք ակումբներում անփոփոխ նախապայման է, բայց… Բայց արի ու տես, որ երբ ռեգրես է, մրցակցություններում պարտությունները շատ են, կամ ինչ-ինչ խնդիրներ կան՝ անգամ տրամաբանությունից դուրս, աշխատանքից ազատման դիմումը գրում և ստորագրում է գլխավոր մարզիչը:

Համաշխարհային ֆուտբոլի՝ մարզիչներ «օրվա հետ փոխելու» մեղմ ասած՝ ոչ այնքան լավ ավանդույթը Հայաստանում ավելի քան յուրացված է: Մենք այս առումով «գերազանցում ենք» շատ շատերին:

Հաղթանակը բոլորինն է, իսկ պարտությունները որբ են

Մարզիչ հեռացնելու, երևի թե, ամենատրամաբանական կողմը՝ պարտվել ես, հեռացիր: Սա այն պարագան է, երբ կան բոլոր պատճառները. այլ հարց է, թե որքանով են դրանք խելամիտ:

Իզուր չէ ասված, որ գլխավոր մարզիչը պայմանագիրը ստորագրելու օրվանից պետք է պատրաստ լինի աշխատանքից ազատման դիմումը գրելուն: Այդպիսին է ֆուտբոլը՝ հաղթում ես, մնա, չես հաղթում, դուռը կարող ես հակառակ կողմից փակել, կգա մյուսը, ով կհաղթի:

Մեդալի դարձերեսը. հեռացված եք առանց պատճառների

Միջազգային ֆուտբոլից ընդօրինակելու շատ բան ունենք, բայց սովորության համաձայն վերցնում ենք հնարավոր տարբերակներից վատագույնը:

Օրերս «Վալենսիան» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիային. մասնագետ, ում գլխավորությամբ «չղջիկները» դարձել էին Իսպանիայի գավաթակիր՝ վճռորոշ խաղում հաղթելով «Բարսելոնային»:

Ինչպե՞ս կարող էինք հետ մնալ… «Արարատը» Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ փայուն էր մեկնարկել Բարձրագույն խմբի առաջնությունում. 6 խաղ. 5 հաղթանակ և մեկ ոչ-ոքի, բայց… հրաժարական: Բնական է, շնորհակալություն մարզչին և հաջողություն հետագա կարիերայում: Բայց այն հանգամանքը, որ մասնագետի գլխավորությամբ թիմը նախապատրաստական շրջան է անցկացրել, հիանալի է մեկնարկել և հնարավո՜ր է, ծրագրեր են կազմվել, ոչինչ, պարզապես ոչինչ…:


Այս ամենը ֆուտբոլի զարգացման շրջանակում որևէ կերպ տեղավորվել չի կարող: Մարզչին միշտ ժամանակ է հարկավոր: Ինչևէ, մնում է ընդգծել, որ մարզիչները մերօրյա ֆուտբոլի ամենաչգնահատված և ամենախոցելի անձինքն են:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023