Տեր Շտեգենի փայլուն խաղը Բարսային դուրս բերեց եզրափակիչ🎥
Հունվարի 14-ին մեկնարկեց Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում են Լա լիգայի գործող չեմպիոն «Ռեալը», գործող փոխչեմպիոն «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի թագավորական գավաթի նախորդ խաղարկության շրջանակում եզրափակիչ հասած երկու բասկյան ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Եզրափակիչ հանդիպումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչ օրս չի կայացել և անորոշ ժամանակով հետաձգված է։
Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կայացավ Կորդոբայի «Նուեվո Արկանխել» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Սոսիեդադն» ու «Բարսելոնան»։
Հանդիպումից առաջ հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբն այս խաղին լուրջ կորուստով է մոտենում։ «Բարսայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին մկանային վնասվածք ունի և նույնիսկ հայտավորված չէր «կապտառնագույնների» պահեստայինների նստարանին։ Նրա մասնակցությունը եզրափակիչ խաղին նույնպես հարցականի տակ է։
Հանդիպումը մեկնարկեց «Սոսիեդադի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր խաղասկզբում լուրջ ճնշում էին գործադրում Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասի ուղղությամբ, սակայն Ռոնալդ Կումանի սաները քիչ-քիչ հավասարեցրին խաղը։
«Բարսելոնային» հաջողվեց ընդմիջման գնալ հաղթողի դերում։ 39-րդ րոպեին Անտուան Գրիզմանի կատարած փոխանցումից հետո Ֆրենկի դե Յոնգը բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց բասկյան ակումբի խփած գոլով։ 50-րդ րոպեին նույն Դե Յոնգը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչի հետևանքով հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Լուիս Մունուերան 11-մետրանոց հարված նշակեց, որն անվրեպ իրացրեց «Սոսիեդադի» ավագ Միկել Օյարսաբալը՝ հաշիվը դարձնելով 1։1։
Բաց թողած գոլից հետո «Բարսելոնան» երկու գոլային պահ ստեղծեց, սակայն Անտուան Գրիզմանն ու Ուսման Դեմբելեն վրիպեցին լավ դիրքերից։
Այդ դրվագներից հետո էլ հանդիպման նոմինալ հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն նկատվում էր Լեո Մեսսիի բացակայությունը, քանի որ «Բարսայի» խաղում չկար սրություն, իսկ Իմանոլ Ալգուասիլի թիմն անձնուրացաբար պաշտպանվում էր։
Ի վերջո, կողմերին չհաջողվեց հաղթողին պարզել 90 րոպեների ընթացքում, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստներն առնվազն երեք անգամ կարող էին հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել, սակայն բոլոր դեպքերում Մարկ-Անդրե Տեր Շտեգենը պարզապես փրկեց իր թիմին։
Երկու ակումբներն այդպես էլ հաղթողին չպարզեցին, և խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ իր ֆանտաստիկ խաղը շարունակեց Տեր Շտեգենը։ Ընդհանրապես, երկու թիմերի ֆուտբոլիստներն անչափ վատ իրացրին 11-մետրանոցները՝ 10 հարվածից գոլի վերածելով միայն 5-ը։ Տեր Շտեգենը մրցակցի երկու հարված հետ մղեց, մեկ անգամ էլ դարպասաձողին հարվածեց Վիլիան Ժոզեն, ինչն էլ նպաստեց, որ «Բարսան» հաղթեց անչափ մեծ դժվարությամբ։ Բացի Ժոզեից, նշակետից վրիպեցին նաև Բաուտիստա Խոնը, Միկել Օյարսաբալը, Ֆրենկի դե Յոնգը, Անտուան Գրիզմանը։
Այսպիսով, «Բարսելոնան» ծանրագույն պայքարում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» և դուրս եկավ Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակիչ։ Մրցաշարի մյուս կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 15-ին՝ Մալագայի «Ռա Լոսալեդա» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալը»։
# Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Լեո Մեսսի, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Միկել Օյարսաբալ, Ռեալ-Սոսիեդադ, Ֆրենկի-դե-Յոնգ