Բասկերը հերոսանում են` կամային հաղթանակ տոնելով Ատլետիկոյի նկատմամբ🎥
Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հավասար պայքարում և գրեթե առանց իրական գոլային պահերի ընթացած առաջին խաղակեսում կողմերը գոլեր չխփեցին ու ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկն էլ, մեծ հաշվով, որևէ արտառոց իրադարձությամբ աչքի չընկավ, սակայն 62-րդ րոպեին, ինչպես ամրպոպ անամպ երկնքում, Տոմա Լեմարի իրացրած անկնունայինից հետո Ժոաո Ֆելիշի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, սակայն, այն, անդրադառնալով «Ատլետիկի» դարպասապահ Ունայի Սիմոնի թիկունքից, հայտնվեց բասկյան ակումբի դարպասում, ինչից հետո խաղի հաշիվը բացվեց։
Բաց թողած անսպասելի գոլը կարծես արթնացրեց Մարսելինո Գարսիա Տորալի սաներին, ովքեր նետվեցին առաջ` փրկելու խաղը, ինչն էլ տվեց իր արդյունքը, և բասկերը ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի մեջ. նախ 77-րդ րոպեին աչքի ընկավ Յերայ Ալվարեսը, ապա 81-րդ րոպեին` Նիկո Վիլիամսը։
Խաղավերջում «Ատլետիկին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու հանդիպումը մոտեցնել տրամաբանական ավարտին։
Այսպիսով, բասկյան ակումբը 2:1 հաշվով կամային հաթանակ տոնեց և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում հունվարի 16-ին կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Իսպանիայի սուպերգավաթ, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Յերայ Ալվարես, Նիկո Վիլիամս, Ունայի Սիմոն, Ռեալ Մադրիդ