Sky Sports-ն այլընտրանք է գտել երկրպագուների բացը լարցնելու համար
Բրիտանական հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունը Պրեմիեր լիգայի վերսկսման դեպքում մտադիր է դատարկ մարզադաշտերում օգտագործել վիրտուալ երկրպագուներ՝ մարզադաշտերում միացնելով նրանց վանկարկումների ձայնագրությունները։
Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի մրցաշրջանի մնացած 92 հանդիպումներն անկախ ամեն ինչից կայանան։ Եթե մրցաշրջանը վերսկսվի, ապա ամենայն հավանակությամբ հանդիպումները կկայանան փակ դռների հետևում, սակայն հեռուստաընկերությունը գտել է այդ իրավիճակի ելքը։ Հեռուստադիտողների համար կստեղծվեն այնպիսի պայմաններ, կարծես մարզադաշտը լեփ-լեցուն է։
Ինչպես տեղեկացնում է I News-ը, Sky Sports-ը ծրագրում է օգտագործել CGI տեխնոլոգիան։ Այդ տեխնոլոգիան հնարավորություն կտա ստանալ լեփ-լեցուն տրիբունաների հեռուստապատկեր, ինչը թույլ կտա մեղմել դատարկ տրիբունաների բացը։ Հաղորդվում է, որ ամբողջական պատկեր ստանալու համար կձայնագրվեն երկրպագուական հայտնի երգերը և հեռարձակաման ժամանակ դրանք կլսվեն հեռուստադիտողների համար։ Նշվում է, որ հեռարձակող ընկերությունը մտադիր է երկրպագուական կեղծ աղմուկն օգտագործել նաև հանդիպումների ժամանակ հենց մարզադաշտերում, որպեսզի ֆուտբոլիստները ևս այդքան չզգան երկրպագուների բացակայությունը։
Հավանական է, որ ակումբները մարզումներին վերադանան մայիսի վերջին, իսկ առաջնությունը հավանաբար կշարունակվի և ավարտին կհասցվի հունիս-հուլիս ամիսներին։