Ալաբան Ռեալին հորդորել է պայմանագիր կնքել Բավարիայի առաջատարներից մեկի հետ
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան ակումբի ղեկավարությանը հորդորել է պայմանագիր կնքել «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրիի հետ։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Գնաբրիի ու մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։
Այդուհանդերձ, նույնիսկ նման պայմաններում 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բավարիայում» և ակումբից հեռանալ միայն 2022/23 մրցաշրջանից հետո, երբ գործող պայմանագիրը կավարտվի։
Կան խոսակցություններ, որ Գնաբրին դժգոհ է ակումբում իր ներկայիս դերից և խաղային առաջադրանքից։
Բանն այն է, որ գերմանացի ֆուտբոլիստին դուր չի գալի, որ մյունեխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նրան պարտադրում է հանդես գալ միայն եզրից` ստիպելով աշխատել թե՛ հարձակման և թե՛ պաշտպանության ժամանակ։
Նշվում է, որ Գնաբրին ցանկանում է ավելի շատ ազատություն ստանալ դաշտում և տեղաշարժվել հիմնականում կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ` Ալաբան, հաշվի առնելով իր նախկին խաղընկերոջ շուրջ ստեղծված իրավիճակը, «Ռեալի» ղեկավարությանը հորդորել է, որ ակումբը 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքի Սերժ Գնաբրիի հետ։
Հիշեցնենք, որ 2017-2021 թթ. ընթացքում Գնաբրի ու Ալաբան միասին հանդես են եկել «Բավարիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Յուլիան Նագելսման, Ռեալ Մադրիդ, Սերժ Գնաբրի, տրանսֆերներ