Դրամա «Նոու Կամպում». Բարսան 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ռեալից
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։
Հանդիպումը, կարելի է ասել, անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 9-րդ րոպեին «արքայական» ակումբի ձեռնարկած գրոհի ժամանակ Ռոնալդ Արաուխոն պատահմամբ գրավեց սեփական դարպասը, ինչից հետո Կառլո Անչետիի թիմը բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, առաջին կեսի մնացած ժամանակահատավածում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր և նախքան ընդմիջում, ի վերջո, խփեց պատասխան գոլը, որը 45-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Սերժի Ռոբերտոն։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսն էլ անցավ փոխնիփոխ գրոհների ներքո. ժամանակ առ ժամանակ նախաձեռնությունը «Բարսայի» ձեռքում էր, ժամանակ առ ժամանակ` «Ռեալի»։
Պետք է նշենք, որ խաղակեսի միջնամասում Խավիի թիմը շատ ավելի մոտ էր հաշվի մեջ առաջ անցնելուն, սակայն երկու անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց Ռոբերտ Լևանդովսկին։
Խաղավերջում «սերուցքայինները» փոփոխությունների միջոցով էականորեն ակտիվացրին խաղն առջևի գծում, ինչի արդյունքում 81-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, սակայն գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգոեչեան Մարկո Ասենսիոյի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց։
Թվում էր` խաղը կավարտվի 1:1 հաշվով, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Բարսայի» ֆուտբոլիստներն, ովքեր 90+2-րդ րոպեին հիանալի գրոհ զարգացրին և Ֆրանկ Կեսիեի ջանքերով խփեցին հաղթական գոլը։
Այսպիսով, «Բարսելոնան» 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց, վաստակեց 68 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ռեալը», 56 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am