#PrayforSala. Նեյմարի խոսքերը հիշելով. հնարավորությունների և հավատի մասին
Ֆուտբոլային հանրությունը օրերս ցնցվեց «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացման մասին լուրից: Որոնողական աշխատանքները հետքեր չգտան: Երկու օր անց աշխատանքները դադարեցվեցին, բայց ֆուտբոլիստի ընտանիքի, թիմակիցների, բազում ֆուտբոլիստների ջանքերով դրանք վերսկսվեցին:
Հնարավորություններ
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես գալու ընթացքում ՊՍԺ-ից կրած 0:4 հաշվով պարտությունից հետո պատասխան խաղից առաջ ասաց. «Եթե կա 1 տոկոս հնարավորություն, մենք ունենք 99 տոկոս հավատ»: Այդ դեպքում հավատը հաղթեց ամեն ինչ և «Բարսելոնան» անհավանական հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Այժմ ևս շատերի կարծիքով Սալային գտնելու հնարավորությունը 1 տոկոս է կամ դրանից էլ ցածր:
Մասնավորապես, Գերնսի կղզու ոստիկանությունը հայտարարել էր, որ ինքնաթիռը և Սալային գտնելու հավանականությունը շատ փոքր է:
Բոլորը հասկանում են, որ այս հարցում գնալով ամեն ինչ զրոյին է մոտենում…: Ամեն դեպքում, բոլորս գիտենք, որ հրաշքներ կյանքում լինում են, իսկ հույսը վերջինն է մահանում, ուստի չնչին հնարավորություններից պետք է անցում կատարել դեպի հավատ:
Հավատ
Սալայի ընտանիքի անդամները ամենամեծ հավատն ունեն ֆուտբոլիստին գտնելու: Հենց նրանց ջանքերով է վերականգնվել որոնողական աշխատանքները: Ստեղծվել է ֆոնդ, որին մասնակցություն են ունեցել Սալայի նախկին թիմակիցները, անվանի մի շարք ֆուտբոլիստներ, ֆուտբոլային մեծ ընտանիքի անդամներ: Մասնավորապես, Կիլիան Մբապեն 26 հազար ֆունտ սթերլինգ է ուղղել հիմնադրամին, ՊՍԺ-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ադրիեն Ռաբիոն նվիրաբերել է 21 հազար ֆունտ: Գումար են փոխանցել նաև Կոսիելնին, Գյունդողանը, Կուլիբալին և այլք:
Ցավոտ պատմություն էր տեղի ունեցել Անգլիայում: Հանդիպումները մեկ րոպե լռությունից հետո են մեկնարկել: Սալայի ընտանիքն իմացել է այդ մասին և անգլիական ֆուտբոլային միությանը դիմել չեղարկել այդ որոշումը, քանի որ Սալայի… չի էլ ստացվում գրել՝ մահը, դեռ պաշտոնապես հաստատված չէ:
Սրտառուչ էր Ջանլուջի Բուֆոնի արարքը. լեգենդար դարպասապահը Սալայի խաղաշապիկով լուսանկար է տեղադրել Instagram-ի էջում: #PrayforSala հեշթեգը բազմամիլիոնանոց տարածում է ստացել: Համացանցում և դրանից դուրս բոլորը աղոթում են և շարունակում են հավատալ…:
Բոլորի սրտերում Սալան դեռ ապրում է և բոլորը՝ անկախ սեռից, ռասսայից ազգային պատկանելիությունից, ՀԱՎԱՏՈւՄ են…: Ֆուտբոլային մոլորակը կանաչ է, այնտեղ հարգանքն առաջնային է, հավատը՝ կենսական…: