Եվրոպական մի շարք գրանդներ ցանկանում են Պոգբային տեսնել իրենց կազմում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ Զինեդին Զիդանի տրանսֆերային թիրախում։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «սերուցքայինների» գլխավոր մարզիչը վաղուց է ցանկանում ֆրանսիացի ֆուտբոլիստին տեսնել «Ռեալում», սակայն ակումբը մտադիր չէ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային ժամանակահատվածում հսկայական գումարներ ծախսել՝ Պոգբային գնելու համար։
Մանկունյական ակումբն էլ իր հերթին ցանկանում է վաճառել կիսապաշտպանին և վերադարձնել նրա ձեռքբերման համար ծախսված գումարի մեծ մասը․ «Յունայթեդը» ձեռք էր բերել Պոգբայի տրանսֆերային իրավունքը 2006 թվականին 105 մլն եվրոյի դիմաց։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը կավարտվի 2022 թվականի հունիսի 30-ին։
Daily Mail-ին հասանելի դարձած տեղեկատվության համաձայն՝ «ՄՅՈՒ»-ն ցանկանում է Պոգբայի տրանսֆերից ստանալ 75 մլն եվրո՝ վաճառելով նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Զիդանից բացի, Պոգբայով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։ Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտնել էր, որ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
# ԱՊԼ, Զինեդին-Զիդան, Մանչեսթեր-Յունայթեդ, Մաուրիսիո-Պոչետինո, Յուվենտուս, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ