Օսասունայի կիսապաշտպանը մեկնել է Լեհաստան` օգնելու ուկրաինացի փախստականներին🎥
«Օսասունայի» կիսապաշտպան Ռուբեն Գարսիան հումանիտար օգնություն է ցուցաբերում ուկրաինացի փախստականներին։
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, մարտի 26-ին Գարսիան մեկնել է Լեհաստան` օգնելու բազմաթիվ ուկրաինացի փախստականներին, ովքեր ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստիպված լքեն են իրենց տներն ու ապաստանել Լեհաստանում։
«Հարևաններիցս մեկն ասաց, որ 12 հոգով մեկնում են Վարշավա և իրենց հետ տանում են սնունդ, դեղորայք և տակդիրներ։
Ֆուտբոլիստներն ապահովված են ամեն ինչով, սակայն չպետք է կորցնենք կապն իրականության հետ։ Ես մտածեցի և որոշեցի, որ նույնպես պետք է իմ դերն ունենամ։
Լեհաստանից մեզ հայտնեցին, որ ամենաշատը տակդիրների, մանկական սնունդի, պահածոների, ինչպես նաև դեղորայքի և բժշկական ձեռնոցների կարիք կա։
Մենք բեռնատարներով նաև հագուստ ենք ուղարկել` չնայած մեզ ասացին, որ դրա կարիքը շատ չկա։
Մենք ունենք 5 բեռնատար, որոնք ամբողջությամբ բեռնված ուղևորվել են Լեհաստան»,- նշել է Գարսիան։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմն սկսվել է փետրվարի 24-ին, որն ընթանում է Ուկրաինայի տարածքում, ինչի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, 6-7 մլն մարդ արդեն դարձել է փախստական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռուբեն Գարսիա, Ռուս-ուկրաինական պատերազմ, Օսասունա