Մանչեսթեր Սիթին անհնարինի ճանապարհին.  պատմություն կերտելու 3 բաղադրիչ

Մանչեսթեր Սիթին անհնարինի ճանապարհին. պատմություն կերտելու 3 բաղադրիչ

25/02/2019 - 18:20

Մերօրյա ֆուտբոլում շատ բարդ է գեղեցիկ խաղը համադրել արդյունքի հետ, շատ բարդ է ցուցադրել աչքին հաճելի էֆեկտիվ ֆուտբոլ և դրա հետ մեկտեղ բոլոր ճակատներում պայքարել տիտղոսներ համար, բայց Պեպ Գվարդիոլան հիանալի գիտակցում էր, որ ոչ ոք չէր էլ խոստացել, թե հեշտ կլինի… այսօր նրա «Մանչեսթեր Սիթին» կատարում է հենց այն նույն առաքելությունը, որի մասին ասված է վերոնշյալ տողերում։ Այսինքն, փորձում է գեղեցիկ ֆուտբոլը համատեղել արդյունքի հետ ու, պատկերացրեք, որ դա ստացվում է։ Մաուրիցիո Սարին չէր չափազանցնում՝ արձանագրելով, որ «քաղաքայինները» այս պահին աշխարհում իրենց հավասարը չունեն։ Հիմա մեր խնդրն է հասկանալ, թե ինչպես «Սիթիին» հաջողվեց դուրս գալ նման անհավանական մակարդակի վրա, փորձել կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը, մատնանշել թիմի մարտավարական հնարքներն ու այդ հնաքներից բխած նվաճումները և որ ամենակարևորն է՝ գտնել Գվարդիոլայի թիմի խոցելի տեղերը. 3 ենթավերնագիր, 3 իրողություն, 3 բաղադրիչ, 3 ճանապարհ, 3 հանգուցալուծում.


1.Ներդաշնակություն բոլոր գոտիներում, չկան անփոխարինելիներ, կա թիմային ֆուտբոլ ու մշակված իդեալական մեխանիզմ

Ժամանակակից ֆուտբոլում անհատ խաղացողների դերը մեծացել է այնքան, որ երբ այդ խաղացողները բացակայում են ասպարեզից, նրանց թիմերը միանգամից ձախողման են ենթարկվում: Եթե 2000-ակաների միջնամասում նման միտք արտահայտեինք, որ մոտավոր 15 տարի անց «մեկ անհատ խաղացողից» կախված կլինի ամեն ինչ, մեզ լավ կանպատվեին, կծիծաղեին ու այնուհետեւ կպիտակավորեին՝ որպես ֆուտբոլից հեռու մարդ, բայց արի ու տես, որ մեր սիրած սպորտաձևը, գուցե ցավոք, բայց հենց այդ ուղղությամբ է շարժվում։ Այսօր եվրոպական ֆուտբոլի քարտեզում հատուկենտ թիմեր կան, որտեղ խաղի կառուցման բանալին ոչ թե անհատների ձեռքերում է, այլ ընդհանուր թիմային «աստառ» ունի։ «Մանչեսթեր Սիթիում» չկա գեթ մեկ ֆուտբոլիստ, ում բացակայությունը կարող է թիմի խաղային հեռանկարներ վրա ճակատագրական հետեւանք ունենալ. սա շատ կարևոր գործոն է, ինչը վկայում է այն մասին, որ Գվարդիոլայի սահմանած մեխանիզմում գոյություն չունեն ավելորդ մասնիկներ, յուրաքանչյուրը կոնկրետ իր առաքելությունն ունի, չկան անփոխարինելիներ, որովհետև անփոխարինելին նրանց մարզիչն է կամ ավելի ճիշտ է բնութագրել այսպես`այդ մարզչի տեսլականը, այդ տեսլականից ծնված մեթոդաբանությունը, այդ մեթոդաբանությունից բխող մոտեցումները, այդ մոտեցումներից առաջացած հնարքները և այդ հնարքներից վաստակած արդյունքը։ Մի օր կբացակայի Սանեն, խնդիր չկա նրան համարժեք կփոխարինի Բերնարդու Սիլվան, չի լինի Բերնադու Սիլվան, նրան կփոխարինի Սթերլինգը, չկա Սթերլինգը, փոխարենը կլինի Մարեզը… այս խաղացողները, մեկ-երկու վերապահումներով, գրեթե նույն մակարդակի վրա են գտնվում ու անգամ նրանցից մի քանիսի բացակայությունը ողբերգություն չի դառնում։

Իդեալական բալանսավորում, որը չես նկատի որևէ այլ գրանդ ակումբի մոտ։ Մեխանիզմի հաջողության գրավականը հետևյալի մեջ է թաքնված. Գվարդիոլային, որպես այդպիսին, պետք չեն անհատներ, նրան ընդամենը հարկավոր են ֆիգուրներ, որոնք իրենց անելիքը հստակ կիմանան ու սիստեմային թերացումներ թույլ չեն տա։ Այդ ֆիգուրների ներուժը մեկը մյուսից գրեթե չի տարբերվում, մեկը մյուսին չի գերազանցում. Պեպին մնում է ընդամենը երբեմն այդ ֆիգուրներին փոխել ու օգտագործել կոնկրետ նրանց, ովքեր այդ պահին լավագույն մարզավիճակում են գտնվում։ Հենց սա է այս ռազմավարական մոդելի յուրահատկությունը. փոխելով ֆիգուրներին՝ դու ոչինչ չես զոհաբերում։ Սա շախմատի է նման, որտեղ գրոսմայստերին մնում է չսխալվել երկարատև կոմբինացիաների վերջում։


2.Մարտավարություն, որը խճճում է մրցակցին ու դառնում գլուխկոտրուկ

Պեպ Գվարդիոլան բազմիցս ասել է, որ իր համար, որպես այդպիսին, «չկան պաշտպաններ», նա «ցենտր-բեքերին» չի վերաբերվում որպես ուղղակի գնդակ խլող ֆուտբոլիստների: Այս տղաների գործողությունների դիապազոնը սահմանափակումների չի ենթարկվում, նրանք գրոհի մեկնարկային ֆազայի սկիզբ դնողներն են, այս պարոնները Պեպի տեսլականում կոչվում են որպես «թիկունքային դիսպետչերներ». հակասական է հնչում, բայց Գվարդիոլային, ով երբեք էլ պաշտպանների հետ աշխատել չի սիրել, բաժին հասավ էվոլուցիայի ենթարկել կենտրոնական պաշտպան հասկացողությունը։ Չնայած՝ Ֆրանց Բեկենբաուերը հաստատ չէր համաձայնի այս խոսքերի հետ, սակայն սա ուրիշ անգամների համար: Հիմա նշենք, որ «քաղաքայինների» ճամբարում կատալան մասնագետը ոչ միայն փոխում է խաղացողների մտածելակերպը, այլ նաև՝ իրենը։ «Բարսելոնայի» Գվարդիոլան իր առանձնահատուկ գաղափարներն ուներ ու երբեք դրանց դեմ գնալ չէր համարձակվում. տիկի-տակա ու վերջ։ «Բավարիայի» Գվարդիոլան ավելի շատ գյուտարարի էր նման, բայց այդուամենայնիվ հազվադեպ էր դեմ գնում իր ակունքներից սերող գաղափարներին, իսկ «Մանչեսեթեր Սիթիի» Գվարդիոլան հասկացավ, որ Անգլիայում իր տեսալականը շատ արագ ընթեռնելի կդառնա, ու արդյունքում որոշեց այդ գաղափարները զարգացնել ու նորարարություններ հաղորդել։ Արդյունքը ինքներդ եք տեսնում։ «Սիթիի» խաղացողները մրցակցին դիմավորում են ընդհուպ նրա կիսադաշտում`կիրառելով անկյունաձև շրջափակում։

Ուշադիր դիտելով նկարները կնկատեք, որ մրցակցի յուրաքանչյուր խաղացող, այսպես կոչված, իր համար նախատեսված «դիմավորողին» ունի և այդ «դիմավորողը» նրան այնքան ժամանակ ճնշման տակ կպահի, որ վերջինս վաղ թե ուշ կկորցնի գնդակը։ «Քաղաքայինների» մարտավարական էշելոններում 2 գերկարևոր առաջադրանք կա: Առաջին. մեծ նշանակություն է տրվում հենակետային գոտուն. նայելով սպիտակ սլաքին՝ կհասկանաք, որ խաղացողները դասավորված են եւ ճակատով եւ խորությամբ, եւ գծային եւ զսպող տարբերակներով։ Հենակետային գոտին «Սիթիի» ուղեղն է, որտեղից կառավարվում ու կյանքի են կոչվում գրեթե բոլոր գրոհները։ Մյուս ոչ պակաս կարեւորություն ունեցող գործոնը գրոհի եզրերն են։

Նկարները հստակ ցույց են տալիս այն, որ հարձակման թևերը երբեք անուշադրության չեն մատնվում, այնտեղ անըդհատ որևէ մեկը կա ու այդ X անձնավորության գլխավոր առաջադրանքն է առջևում գտնվող թիմակիցներին գնդակներ մատակարարել և դա անել հիմնականում կտրող փոխանցումների հաշվին: Կենտրոնական հարձակվողներն էլ հարկ եղած դեպքում աջակցություն կստանան «ֆանտազիստի» գոտուց, որտեղ սովորաբար տոն են տալիս Դե Բրույնեն ու Դավիդ Սիլվան։ Չկա մեկ այլ թիմ, որն ունի նմանօրինակ մարտավարական դիմանկար։ Նաև հենց այս ամենի շնորհիվ է, որ այսօր «Սիթին» անկասելի է դարձել։


3.Մեխանիզմի «աքիլեսյան գարշապարը»՝ «Սիթիին» հնարավոր է հաղթել

Շատ մասնագետների կարծիքով մանչեսթերյան թիմը դեռ պատրաստ չէ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը։ Թույլ տվեք չհամաձայնել այդ մասնագետների հետ: Իհարկե պատրաստ են, ուղղակի հարկավոր է պետք եղած ժամանակ էֆեկտիվ հակախաղ գտնել։ «Մանչեսթեր Սիթին» այն թիմն է, որը ունակ է առնվազն 2 գոլ խփել ցանկացած մրցակցի ու, ի դեպ, դա անել հենց արտագնա խաղերում, իսկ սա Չեմպիոնների լիգայում մեծ առավելություն կարող է դառնալ: Բայց գոյություն ունի այս հին ու մոգական մրցաշարի գլխավոր օրենքը`յուրաքանչյուր, անգամ ամենաչնչին ու աննշան սխալը կարող է ճակատագրական դառնալ, իսկ սրանից ապահովագրված չէ ոչ մի թիմ, մանավանդ «Սիթին», որը այս մրցաշարում ինչ-որ անբացատրելի բարդույթ ունի ու կարող է ամենակարևոր պահին թույլ տալ այնպիսի մանկական սխալներ, որոնք բեկումնային հետևանք կունենան, բայց դեռ պետք է ստիպել, որ նրանք սխալվեն: Այո, Պեպը իդեալականին մոտ մեխանիզմ է հորինել, բայց անգամ այս մեխանիզը խոցելի տեղեր ունի։ «Սիթին» սկսում է ընկճվել այն ժամանակ, երբ ռազմաճակատը մրցակցի քանակային առավելության տակ է անցնում։

Հիշենք, թե «Լեսթերի» ու «Նյուքասլի» խաղացողները ինչպես էին կյանքի կոչում հենց այդ դիրքային քանակական առավելությունը, ինչի հաշվին էլ «Սիթիի» խաղացողներին զրկեցին թթվածնից։ Արդյունքում Պեպի սաների մոտ խուճապ է սկսվում, ինչն էլ հանգեցնում է դիրքային կոպիտ սխալների, ։

Ուշադրություն դարձրեք, նրանք այս մոդելը կիրառում են թե հարձակվելիս և թե պաշտպանվելիս։ Պատահական չէինք ընտրել հենց այս 2 թիմերին, քանի որ «Լեսթերի» և «Նյուքասլի» դեմ խաղերում «Մանչեսթեր Սիթին» պարտություններ է կրել։

Սակայն, ինչ էլ ուզում է այնտեղ լինի, այսօրվա «Սիթին» պատմական վերջաբան կերտելու ճանապարհին է։ Թիմ, որը գեղեցիկ աղջկա է նման ու նրան նվաճելու համար պետք հաշվարկել իրադաձությունների ցանկացած ընթացք, ստիպել, որ նա սխալվի ու այնուհետև այդ սխալի շնորհիվ հաղթել նրան, բայց ինչպես և գեղեցիկ աղջկա պարագայում, անգամ սխալվելուց այս թիմը իր հմայքը չի կորցնում, ավելին՝ դա նրան ավելի գեղեցիկ է դարձնում…

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022