Ինչն է պակասում Լիվերպուլին և Կլոպին. Ընթերցողի կարծիք

Ինչն է պակասում Լիվերպուլին և Կլոպին. Ընթերցողի կարծիք

15/03/2019 - 21:59

Ընթերցողի կարծիք բաժնի շրջանակում շարունակում ենք ներկայացնել մեզ ուղարկված նյութերը: Ստորև Հայկ Հարությունյանի հոդվածն է «Լիվերպուլի» մասին.

Պատմությունը կրկնվում է կրկին ու կրկին. ռոմանտիկ պատանու ոտքերը կրկին դողում են հաջողության ճանապարհին։ Յուրգեն Կլոպը եկավ Լիվերպուլ, որպեսզի վերջ դնի այս սովորությանը, և վերաներարկի «մարդասպանի բնազդը» մերսիսայդյան ֆենիքսին։ Այն բնազդը, որը կերտվել է դեռ 60-ական թվականներին։ Այդ տարիներին երաժշտական աշխարհը գրավում էր լիվերպուլյան քառյակը, իսկ ֆուտբալային Անգլիան եկել էր նվաճելու լիվերպուլյան եռյակը՝ Բիլ Շենկլին, Բոբ Փեյսլին և Ջո Ֆեգանը։ 26 տարիների ընթացքում նրանք հիմնովին փոխեցին «Լիվերպուլը» և իրենց անջնջելի հետքը թողեցին ֆուտբոլի պատմության մեջ։ Բայց այսօր «Լիվերպուլը» կարիք ունի նոր հերոսի, նոր պատմության, որը պետք է գրվի բացարձակապես նոր էջից։ Արդեն խրոնիկ դարձած անհաջողությունները ամենավերջին պահին աստիճանաբանար սպանում են հաղթողի հոգեբանությունը, որով տարիներ շարունակ հպարտացել են Մերսիսայդի կարմիր հատվածում։ «Լիվերպուլի» անհաջողությունները կարելի է նմանեցնել ֆիլմի, որտեղ գլխավոր հերոսին վերջին պահին գլխատում են։ Երբ 15-րդ անգամ դիտում ես «300 սպարտացիները» և նույնիսկ, 15-րդ անգամ դիտելիս հոգուդ խորքում ցանկանում ես, որպեսզի նրանք ողջ մնան, բայց գիտակցում ես, որ միևնույն է, սպանվելու են:

Այս «Լիվերպուլը» չքնաղ է. չքնաղ բառի ամենակատարյալ իմաստով։ Յուրգեն Կլոպը փոխեց հնարավոր ամեն ինչ, ինչը իր ուժերի սահմաններում էր։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով ձեռք է բերվել այս տարիների ընթացքում, իր ուրույն տեղն ունի մերսիսայդցիների առաջխաղացման մեջ։ Գրեթե կատարելության հասցվեց նաև թիմի պաշպանական գիծը, որը անհնարին էր թվում ընդհամենը մեկ տարի առաջ։ 3 տարվա ընթացքում 2 եվրագավաթային եզրափակիչները և վերջապես այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի տիտղոսի համար մղվող պայքարը միայն հիացմումք կարող են առաջացացնել գերմանացու կատարած աշխատանքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» ձեռք չբերեց այն հաղթողի հոգեբանությունը, որը պատմականորեն հատուկ է իրեն։ Յուրգեն Կլոպը չի կարող տալ «Լիվերպուլին» այն, ինչը բացակայում է իր մոտ։ Նորագույն պատմության «Լիվերպուլը» և Կլոպը նման են մեկը մյուսին և դա ամենավտանգավորն է։ Նրանք չեն հավելում և զարգացնում մեկը մյուսին, այլ մտածում են նույն կերպ։ Ամեն դեպքում, այս միությունը դեռ հնարավորություն ունի պատմություն կերտելու և ես առաջարկում եմ 2 տարբերակ, թե ինչպես ուղղակի գեղեցիկը դարձնել հաջողակ։

1. Դադարել անհաջողությանը լոյալ վերաբերվել

Արդեն 4-րդ մրցաշրջանն անընդմեջ Յուրգեն Կլոպը ամեն կերպ՝ թե՛ մրցաշրջանի մեկնարկին, և թե դրա ընթացքում փորձում է խուսափել իր թիմի հեռանկարների մասին խոսելուց։ «Մենք շարժվում ենք խաղից խաղ», «Մեզ համար ամենակարևորը առաջիկա հանդիպումն է»… և նմանատիպ արտահայտություններ, որոնք հատուկ են միջակ ակումբի մարզիչներին, որոնք չգիտես թե ինչպես, բայց հնարավորություն են ստացել տիտղոսի համար պայքարելու։ Սա առաջին հայացքից աննշան, բայց իրականում կարող է շատ խորը հետք թողնել ֆուտբոլիստների հոգեբանության վրա։ Երբ ամեն ինչ իդեալական է և թվում է, թե ոչինչ չի խանգարում ամբողջացնելու փառահեղ պատկերը, արարչի և աշակերտների ձեռքերը դողում են, և սա ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ, սա միայն հոգեբանություն։

Առաջնության մեկնարկից խոսելով տիտղոսների մասին՝ աստիճանաբար ֆուտբոլիստների մոտ ձևավորվում է հաղթողի հոգեբանություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը օգտագործվում է բոլոր գերակումբներում՝ «Բարսելոնայից» մինչև «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքայինները» չունեն իրենց մեջքի հետևում նման փառահեղ պատմություն, բայց ամեն առիթով Գվարդիոլան չի դադարում կրկնել, որ իրենց նպատակն է հաղթել բոլոր մրցաշարերում։

«Անվստահությունը սովորություն է, վստահությունը նույնպես սովորություն է։ Վատ սովորություններից կարելի է հրաժարվել, իսկ լավ սովորությունները կարող են փոխարինել դրանց։ Ուրեմն ուղղակի փոխեք Ձեր սովորությունները«. Դեյլ Քարնեգի

2. Խարիզմատիկ հարձակվողի ձեռքբերումը

Ամենայն հարգանքով մոտենալով Մո Սալահի տաղանդին՝ պետք է փաստենք, որ Սալահը այն հարձակվողը չէ, որի հետևից փակ աչքերով կգնա ամբողջ թիմը։ Չնայած նախորդ ֆանտաստիկ մրցաշրջանին և արժանի ներկայիս մրցաշրջանին՝ պետք է ընդունել, որ Սալահը հեռու է այն խարիզմատիկ առաջատարի կերպարից, որին սովոր են տեսնել «Էնֆիլդի» պատերը։ Պետք էլ չէ հիշել նախկին հերոսներին և փնտրել ֆուտբոլիստների՝ Յան Ռաշի բեղերով, Դալգլիշի խաբքերով, կամ Սթիվի Ջերարդի ոգով…։ Որքան էլ ցավալի հնչի «Լիվերպուլի» երկրպագուների համար, բայց հաջողության հասնելու համար պետք է փակել այդ էջը և հանգիստ թողնել «դիակներին»։ Վիրջին վան Դեյկը կենդանի ապացույցն է, թե ինչպես կարող է մեկ ֆուտբոլիստը ցեմենտել այն պաշտպանությունը, որը տարիներ շարունակ ծաղրի առարկա է եղել։ Ո՛չ ,ամենևին էլ Ջո Ֆոմեսը, Կամ Ջոել Մատիպը Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպանները չեն, բայց հսկա Վիրջիլի կողքին նրանք ուղղակի անանցանելի են։ Նմանատիպ հարձակվողը ամբողջովին կփոխի «Լիվերպուլի» հարձակման գծի հոգեբանությունը, որին չի հերիքում միայն «մարդասպանի» բնազդը։

Չնայած այս ամենին՝ վստահությամբ կարելի ասել, որ սարսափելի ժպիտով գերմանացին արդեն իսկ հասցրել է փոխել երկրպագուների մտածելակերպը։ Յուրգեն Կլոպին հաջողվել է վերականգնել «Էնֆիլդի» հավատը: Նրա տաքարյուն և բռնկուն բնավորությունը` հենց այն է, ինչ ուզում են տեսնել «Լիվերպուլի» երկրպագուները: The Kop-ը հավատում է, որ Կլոպի` անընդհատ կոտրվող ակնոցների տակ թաքնված աչքերում, վերածնվել է Բիլ Շենկլիի ոգին: Ամեն անգամ, երբ «Էնֆիլդը» երգում է իր հանրահայտ «you will never walk alone»-ը, նա հույս է հայտնում, որ միայն rock’n’roll-յան «խելագարը» կարող է բիթլերի քաղաք վերադարձնել երբեմնի փառքը:

Հայկ Հարությունյան

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023