#Լեգիոներների լիմիտի հարցը. Հանդարտված կրքերի և վճռական պահի մասին

#Լեգիոներների լիմիտի հարցը. Հանդարտված կրքերի և վճռական պահի մասին

15/02/2019 - 20:57

Հայկական ֆուտբոլային կյանքը տարեսկզբին ցնցվեց: Լեգիոներների լիմիտի կիրառման-չկիրառման հարցը իսկական խառնաշփոթ առաջացրեց: Այս ամենն ամպրոպ էր պարզ երկնքում, բայց շատ կարևոր՝ համակողմանի քննարկում և հաշվենկատ կարծիքներ զտելու համար:

ՀՖՖ-ն սպասում էր ակումբների պաշտոնական դիրքորոշումներին: Այսօր՝ փետրվարի 15-ին այդ ժամկետն ավարտվում է, և մեր երկրի ֆուտբոլային գերատեսչությունը, ըստ երևույթին, ստացել է բոլոր ակումբների կարծիքները:

Սկիզբը

Ռաֆայել Նազարյանը դեռևս նախորդ տարվա ամռանը բարձրաձայնեց այս խնդիրը՝ մատնանշելով հայկական ֆուտբոլի առաջխաղացման իր ուղին՝ խաղալու ավելի շատ հնարավորություն տալ հայ երիտասարդ ֆուտբոլիստներին, որպեսզի տարիքային տարբեր հավաքականների տղաները խաղային բավարար պրակտիկա ունենան: Նազարյանի մոտեցումը ոչ միանշանակ ընդունվեց. կողմ և դեմ մասնագետներ կային, բայց այդուհետ ալիքը հանդարտվեց:

Նոյեմբերին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և ֆեդերացիայի ղեկավարության հետ լրագրողիների հանդիպմանն այս հարցը դարձյալ բարձրացվեց: ՀՖՖ գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն ասաց.

«Ուսումնասիրում ենք միջազգային առաջատար համակարգերի փորձը, մեզ մոտ կիրառելու անհրաժեշտությունը։ Հիմնական կազմի վրա լիմիտ չի դրվի, քննարկվում է հայտացուցակի վրա կիրառելու բանաձևը»։ Վանեցյանն էլ հայտնեց, որ այդ հարցով ֆուտբոլային աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ունենում:

Բուռն ընթացք

Այս տարվա մեկնարկում հարցը դարձյալ բարձրացվեց: Լիմիտին կողմ մասնագետների, լրագրողների կարծիքն այն է, որ հարցն օրհասական է և ունի շտապ լուծման կարիք:

Բախվեցին բազում կարծիքներ, բանը հասավ անգամ անձնական վիրավորանքների: Այս մասին բազմիցս խոսվել է…: Եզրակացությունն այն է, որ հայ ֆուտբոլիստների մեծամասնությունը հիմնականում կողմ է լեգիոներների քանակի սահմանափակմանը: Խաշմանյանը դեմ էր:

Հունվարի վերջին ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանն անդրադարձավ հարցին. «ՀՖՖ-ում ձևավորվել է ժամանակավոր կոմիտե, որը խնդիր ունի քննարկել առաջնությունում ծառացած խնդիրները: Քննարկվել են ձևաչափի հնավար փոփոխության հարցը և օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հարցը: Հարցը քննարկվել է ակումբների նախագահների հետ: Հարցում է ուղարկվել ակումբներին՝ ստանալու ակումբների պաշտոնական կարծիքը. մինչև փետրվարի 15-ը կստանանք կարծիքները: Ցանկանում ենք առողջ քննարկում ծավալել ձևավորված կարծիքների վրա կայացնել: Փետրվարի 15-ից հետո ժամանակավոր կոմիտեն նիստ կգումարի, քննարկում կլինի, համապատասխան որոշում կկայացվի»:

Անդորր փոթորկից առաջ

Այժմ հայկական ֆուտբոլային աշխարհում հարաբերական անդորր է, սպասողական վիճակ: Հարցը խիստ պատասխանատու է: Ըստ երևույթին՝ հաշվի է առնվելու նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կարծիքը, ում խոսքից, ի դեպ, նկատվում էր, որ դեմ չէ սահմանափակմանը:

Ի մի բերելով ամենը ընդհանուր կարծիք է ստեղծվում, որ Բարձրագույն խմբի ակումբների մեծամասնությունը, որոնցում հիմնականում հայ ֆուտբոլիստներ են, կողմ կլինեն սահմամափակմանը, իսկ մեծ թվով լեգիոներներ ունեցողները՝ դեմ:

Այժմ ամեն ինչ ՀՖՖ-ի և ժամանակավոր կոմիտեի ձեռքում է: Լեգիոների լիմի հարցը էական նշանակություն ունի. նաև այս հարցից է կախված հայկական ֆուտբոլի վաղվա օրը:

Արման Առաքելյան
լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջից:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022