«Kasabian» խմբի հիմնադիրը լքել է խումբը․ ո՞վ է նա և ի՞նչ կապ ունի ֆուտբոլի հետ?
Վերջին օրերին անգլիական ֆուտբոլի սիրահարների ուշադրությունը գրավել էր ոչֆուտբոլային նորություն․ բրիտանական հեղինակավոր «Kasabian» ռոք խմբի հիմնադիր և վոկալիստ Թոմ Մեյգանը լքել է խումբը։
«Խմբի բոլոր մասնակիցների համաձայնությամբ Թոմ Մեյգանը լքում է խումբը։ Նա երկար ժամանակ պայքարում է անձնական խնդիրների դեմ, ինչն էլ ազդում էր նրա վարքի վրա»,- գրված էր խմբի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է Instagram-ի պաշոնական օգտահաշվում։
39-ամյա Մեյգանը «Kasabian» խումբը հիմնադրել է 1997 թվականին, ինչից հետո այն մեծ հեղինակություն սկսեց վայելել Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ հետագայում նաև՝ ամբողջ աշխարհում։ Այժմ Մեյգանի՝ խումբը լքելը մեկնաբանվում է որպես խմբի բաժանում, և եթե նույնիսկ խումբը շարունակի գործել, ապա, միևնույնն է, այն այդքան մեծ հեղինակություն չի շարունակի վայելել, ինչ նախկինում էր։ Իսկ ի՞նչ կապ ունի Թոմ Մեյգանը ֆուտբոլի հետ։
Բանն այն է, որ 2009 թվականին «Kasabian»-ը հրապարակեց իր երրորդ ձայնասկավառակը, որն ուներ «Fire» («Կրակ») անվանումով երգ։ Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությանն այդ երգն այնքան էր դուր եկել, որ այն 2010/11 և 12/13 մրցաշրջաններում դարձրեց աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկի օրհներգը։ «Fire» երգը հնչում էր յուրաքանչյուր հանդիպման հեռուստահեռարձկումից առաջ հրապարակովող տեսանյութում։
Ծանոթ երգ է չէ՞, վստահ ենք՝ բազմաթիվ անգամներ լսել եք։
Այնպես է ստացվել, որ «Kasabian»-ի բոլոր անդամները ծնունդով Լեսթերից են կամ էլ որևէ կապ ունեն այդ քաղաքի հետ։ 2016 թվականին, երբ «Լեսթերը» Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ արեց անհնարինը՝ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն, երաժիշտներին անհավավանակն էմոցիաներ պարգևեց։
«Լեսթեր» չեմպիոնական շքերթի ժամանակ դժվար էր պատկերացնել այլ խումբ, որը կարող էր այդ քաղաքում համերգ տալ։
«Երբ պատկերացնում եմ, թե ինչպես է «Լեսթերը» գոլի հեղինակ դառնում Պրեմիեր լիգայի շրջանակում, իսկ երկրպագուները սկսում են ցատկոտել մեր հեղինակած «Fire» երգի տակ, ապա հասկանում եմ, որ իմ կյանքում դրանից ավելի լավ բան հնարավոր չէ պատկերացնել»,- ժամանակին նշել է խմբի կիթառահար, բեք-վոկալիստ Սերջիո Պիցորնոն։
Հավատացեք «Kasabian»-ի անդամները միայն այսքանով չէ, որ ցույց են տվել իրենց սերը ֆուտբոլի հանդեպ, պարզապես սրանք են ամենահայտնիները։ 2010 թվականին Թոմ Մեյգանը համերգներից մեկի ժամանակ հանրությանը ներկայացել է Անգլիայի հավաքականի մարզաշապիկով, որն այդ օրերին պատրաստվում էր մասնակցել ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը։
2010 թվականին Սերջիո Պիցորնոն Նոել Գալահերի հետ, ով մեկ այլ հանրահայտ՝ «Oasis» ռոք խմբի վոկալիստն ու կիթառահարն է, մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության վիճակահանություններից մեկին։
Հատկանշական է, որ «Kasabian»-ը բավականին սիրված խումբ է նաև ֆուտբոլիստների շրջանում, հատկապես՝ «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչի համար։
# Kasabian, Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Թոմ Մեյգան, Լեսթեր