Գրիզմանն ու Աթլետիկոյի չստացված հեռանկարները. Ընթերցողի կարծիք

Գրիզմանն ու Աթլետիկոյի չստացված հեռանկարները. Ընթերցողի կարծիք

25/03/2019 - 22:31

Ընթերցողի կարծիք բաժնի շրջանակում շարունակում ենք ներկայացնել մեզ ուղարկված նյութերը: Այս անգամ հրապարակում ենք Մհեր Համբարձումյանի հոդվածը Անտուան Գրիզմանի և «Աթլետիկոյի» մասին:

Նախորդ տարի` Մունդիալի նախօրեին, ամբողջ ֆուտբոլային մոլորակը շունչը պահած սպասում էր, որ «Բարսելոնան» կհայտարարի Գրիզմանի տրանսֆերի մասին: «Բարսայի» մոլի երկրպագուներն էլ չէին հապաղում և մտովի հաշվում էին այն մրցանակները, որը նրանց կարող էր բերել Մեսսի-Սուարես-Գրիզմանն եռյակը: Սակայն տեղի ունեցավ անսպասելին. «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ֆրանսիացուն խոստացավ, որ նրա շուրջը կկառուցի ավելի մարտունակ և ավելի արժեքավոր տիտղոսների համար պայքարող թիմ, և ֆրանսիացին որոշեց մնալ, որն իհարկե ցույց տվեց նրա վեհանձնությունն ու մեծ արժեհամակարգը: Մրցաշրջանի մեկնարկն էլ առաջին հայացքից ամենևին վատ չէր, քանզի «Աթլետիկոն» «Ռեալից» խլեց Եվրոպայի սուպերգավաթը, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, դա ուղղակի խաբկանք էր, որովհետև նրանք հաղթեցին մի թիմի, որը կորցրել էր իր պատմության թերևս լավագույն մարզչին ու ռմբարկուին, հոգեբանական և ֆիզիկական առումով էլ գտնվում էր շատ վատ վիճակում: Մրցաշրջանի այս հատվածում «Աթլետիկոն» Լա լիգայի առաջատար «Բարսելոնայից» գտնվում է տասը միավորի հեռավորության վրա և կատալոնացիներին շրջանցելու հավանականությունը անիրատեսական է: Արքայական գավաթն ու Չեմպիոնների լիգան տանուլ են տրված: Ահա քեզ հեռանկարային, մարտունակ և լուրջ տիտղոսների համար պայքարող թիմ,,,,: Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞րն էր պատճառը:

Անհասկանալի տրանսֆերային քաղաքականություն

«Աթլետիկոյի» ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունը անհեռանկար չես անվանի, բայց մի շարք հարցեր այնուամենայնիվ առաջանում են: Այո, երիտասարդ և տաղանդավոր կադրերով թիմը համալրել պետք է: Սակայն լուրջ մրցանակներ նվաճելու համար խաղային բոլոր օղակներում պետք է ունենալ նաև կայուն խաղամակարդակ պահող և շատ որակյալ խաղացողներ, եթե չունես, ապա անպայման պիտի ձեռք բերես ու թույլ տաս, որ նրանց կողքին երիտասրդ տաղանդները կայանան:

Վայրիվերումներով հանդես եկող Ալվարո Մորատան ու Դիեգո Կոստան, իր ամբողջ պոտենցիալը սպառած Նիկոլա Կալինիչը հարձակման գծում Գրիզմանի համար հուսալի աջակից չեն, մանավանդ, որ ակնհայտ է՝ ֆրանսիացին չունի ոչ Ռոնալդուի աշխատասիրությունն ու նպատակամղվածությունը, ոչ առավել ևս Մեսսիի տաղանդը:
Կոկեն և Սաուլը որակյալ կիսապաշտպաներ են, բայց միջին գծում նմանատիպ խաղընկերներ նրանց պետք են: Ռոդրին, Թոմա Լեմարը և Վիտոլոն տրամադրության ֆուտբոլիստներ են և ստաբիլ խաղամակարդակ չունեն:

Պաշտպանները նույնպես տպավորիչ են, բայց ծերացող Դիեգո Գոդինը, Ֆիլիպե Լուիսը և Խուանֆրանը, նոր կայացող Խոսե Խիմենեսը և Լուկաս Էրնանդեսը, հակասական տպավորություն թողնող Ստեֆան Սավիչը ի վիճակի չեն ամբողջ մրցաշրջանում խաղալ ամենաբարձր մակարդակով, մանավանդ, որ նրանցից շատերը իրենց հեռավոր ապագան «հնդկացիների» հետ չեն կապում: Այս պահին հարցեր չկան դարպասապահի դիրքի վերաբերյալ, բայց եթե «Աթլետիկոն» չփոխի իր քաղաքականությունը, Յան Օբլակին դժվար կլինի պահել թիմում, մանավանդ, որ թոփ լիգաներում կան թիմեր, որոնց սլովենացու մակարդակի դարպասապահի կարիք ունեն:

Կախվածություն մարզչից

Այո՛, Սիմեոնեն եկավ և շրջեց «Աթլետիկոյի» պատմության ընթացքը՝ միջակ թիմին հասցնելով եվրոպական ֆուտբոլի էլիտա: Բայց ուսումնասիրելով Սիմեոնեի մոտեցումները, խաղային ձեռագիրը, ֆուտբոլիստների հետ աշխատանքի մեթոդները և իհարկե բնավորությունը՝ շատ ընդհանուր գծեր կան օրինակ Ռոբերտո Մանչինիի, Լուչիանո Սպալետտիի կամ Մանուել Պելեգրինիի հետ: Նրանք բոլորն էլ կառուցող մարզիչներ են, որոնք կարողանում են հավաքագրել և ստեղծել մինչև վերջ պայքարող և մարտունակ թիմեր, բայց վերջնական արդյունք գրանցելու համար իրենց ստեղծածը պետք է ժառանգեն հոգեբան և մոտիվատոր մարզիչների, որոնց արտասանած մեկ բառը կամ արտահայտությունը կարող է սարեր շրջել: Այս կատեգորիայի մարզիչների շարքի են դասվում Զինեդին Զիդանը, Պեպ Գվարդիոլան, Ժոզե Մոուրինյոն, Անտոնիո Կոնտեն, Կառլո Անչելոտտին, Յուպ Հայնկեսը, Լուիս Էնրիկեն: Նրանց որակները ունեցող յուրաքանչյուր մարզիչ հենց այս «Ատլետիկոյից» կստանա այն ինչ այդպես էլ չի կարողանում ստանալ Սիմեոնեն: Իրականում անզեն աչքով էլ նկատելի է, որ «հնդկացիների» ղեկավարությունը պարզապես վախենում է, որ Սիմեոնեից հրաժարվելու դեպքում չի կարող գտնել այնպիսի մարզիչ, որը թիմին կհասցնի նոր մակարդակի և ամեն գնով պահում են մարզչին, որի դեմ հակախաղը գտավ անգամ կատարելապես տապալված Սանտիագո Սոլարին:

Եվ վերջում Գրիզմանի մասով.

Այո՛, ֆրանսիացին այս պահին լավագույններից մեկն է աշխարհում, առանց նրա թե՛ «Աթլետիկոյի», թե՛ Ֆրանսիայի հավաքականի խաղը ավելի ծանր է ստացվում, բայց վերոնշյալ հանգամանքները մի շարք գործոններում իրենց բացասական կնիքն են թողում նրա խաղի վրա: Վերջին երեք տարիներին առաջին հերթին նվազել է Գրիզմանի արդյունավետությունը, մրցակցի պաշտպանները ավելի հեշտությամբ են չեզոքացնում նրան, Գրիզմանն այլևս անհնարին հարցեր լուծող ֆուտբոլիստ չէ և այսպես անվերջ կարելի է խոսել բայց…: Գրիզմանը, որքան պետք է, իր նվիրվածությունը ցույց է տվել «հնդկացիներին», այժմ ժամանակն է Էնրիկե Սերեսոյի հետ ջենթլմենական ձեռքսեղմումով փակի իր կարիերայի մադրիդյան էջը և տեղափոխվի իրապես ավելի լուրջ մրցանակների համար պայքարող թիմ, քանզի ժամանակը շատ արագ է թռչում, Գրիզմանն էլ արդեն 28 տարեկան է: Միակ բանը, որ չես կարող ետ բերել, ժամանակն է, իսկ դրա արդյունավետ օգտագործումից շատ բան է կախված և ոչ ոք երբևէ քեզ չի մեղադրել քո նվիրական երազանքի ետևից գնալու համար:

Մհեր Համբարձումյան

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023