ԱԱ-2022. Ֆրանսիան համառ պայքարում հաղթեց Մարոկկոյին` դուրս գալով եզրափակիչ🎥
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի դեմ։
Կարելի է ասել` «եռագույնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին ֆրանսիացիներին առաջ մղեց Թեո Էրնանդեսը։
Բաց թողած գոլից շատ չանցած` 10-րդ րոպեին, մարոկկացիները քիչ մնաց հավասարեցնեին հաշիվը, սակայն Ազեդին Ունահի հեռահար հարվածից հետո Ֆրանսիային փրկեց դարպասապահ Ուգո Լյորիսը։
17-րդ րոպեին Դիդիե Դեշամը պատասխանեց իր գոլային պահով, երբ Օլիվիե Ժիրուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Խաղակեսի վերջնամասում Վալիդ Ռեգրագիի թիմը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ։
45-րդ րոպեին «ատլասե առյուծների» կենտրոնական պաշտպան Ջավադ էլ Յամիքը քիչ մնաց խփեր ընթացիկ մունդիալի ամենագեղեցիկ գոլը, սակայն նրա կատարած շրջադարձ հարվածից հետո Լյորիսը դարպասաձողի օգնությամբ փրկեց իր թիմին։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ մարոկկացիներն ունեին տարածքային ու խաղային առավելություն և բավական համարձակ ֆուտբոլ էին ցուցադրում։
Այդուհանդերձ, Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող հավաքականի ֆուտբոլիստներն ամեն անգամ, երբ հայտնվում էին նպաստավոր դիրքում, կա՛մ հապաղում էին և սխալ որոշում կայացնում կա՛մ էլ «եռագույնների» պաշտպաններն էին անձնուրաց խաղում։
Հատկապես հիանալի հանդիպում անցկացրեց ֆրանսիացիների կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն, ով 4 անգամ գնդակը հեռացրեց սեփական տուգանային հրապարակից, 5 անգամ էլ կասեցրեց մրցակցի գրոհը։
Մարոկկացիների ճնշումը քիչ-քիչ մարեց, ինչից օգտվեցին Դիդիե Դեշամի սաները, ովքեր նախ խաղը հավասարեցրին, ապա ստացան առավելություն։
Բացի դրանից, Դեշամն իր փոխարինումների շնորհիվ բեկեց խաղի ընթացքը։
Նախ 65-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի փոխարեն դաշտ մտավ Մարկուս Թյուրամը, ով բավական ակտիվացրեց «եռագույնների» խաղը, ապա 79-րդ րոպեին Ուսման Դեմբելեի փոխարենինեց Ռանդալ Կոլո-Մուանին։
Վերջինս էլ փոխարինման դուրս գալուց ընդամենը վայրկայններ անց առաջին իսկ հպումով եզրափակեց «եռագույնների» բազմաքայլ գրոհը` կրկնապատկելով Ֆրանսիայի առավելությունը։
«Եռագույնների» խփած երկրորդ գոլը գործնականում վճռեց հանդիպման ելքը, քանի որ խաղավերջում Ռեգրագիի թիմն այլևս ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին։
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով` երկորդ մունդիալն անընդմեջ դուրս գալով եզրափակիչ։
«Եռագույններն» ԱԱ-2022-ի եզրափակիչի շրջանակում դեկտեմբերի 18-ին կմրցեն Արգենտինայի դեմ։
Մարոկկոն էլ դեկտեմբերի 17-ին երրորդ տեղի համար նախատեսված հանդիպում կանցկացնի Խորվաթիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Թեո-Էրնանդես, Իբրահիմ Կոնատե, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Ուգո Լյորիս, Ջավադ Էլ Յամիք, Վալիդ Ռեգրագուի, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական