FAF-ի չի աջակցելու ՀՖՖ նախագահի թեկնածուներից որևէ մեկին

FAF-ի չի աջակցելու ՀՖՖ նախագահի թեկնածուներից որևէ մեկին

21/12/2023 - 18:55

Հայաստանի հավաքականի երկրպագուների շարժումը` «Առաջին հայկական ճակատը» (FAF), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` հայտնելով, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցելու թեկնացուներից որևէ մեկին.

«FAF-ը 2023-ի ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին։

Արմեն Մելիքբեկյան․
ՀՖՖ նախագահի 2019 թվականի արտահերթ ընտրություններին` աջակցություն հայտնելով Արմեն Մելիքբեկյանին, որը Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը վայելող թեկնածու Թովմաս Գրիգորյանի միակ այլընտրանքն էր, մեծ սպասումներ ունեինք նրա ֆուտբոլի զարգացման ծրագրերից ու գաղափարներից։ Լիահույս էինք, որ ֆուտբոլում տեղի են ունենալու այն ռեֆորմներն ու համակարգային փոփոխությունները, որոնց սպասել էինք երկար տարիներ։ Հատկապես ոգևորիչ էր մասայական և մանկապատանեկան ֆուտբոլին ուղղված ծրագրերը։
Տարիների ընթացքում փորձել ենք տարբեր դիտարկումներով, առաջարկներով, բանավեճերով նպաստել ծրագրերի կայացմանը՝ հասկանալով փոփոխությունների ծավալները, հնարավոր բարդությունները, հին համակարգի դիմադրությունը։ Արթուր Վանեցյանի կարճ պաշտոնավարումով ունեցանք համոզմունք, որ ՀՖՖ նախագահը՝ իր թիմի հետ միասին, պետք է աշխատի ամբողջական շրջան, հնարավորություն ունենա ծրագրերը ի կատար ածելու, նաև ընթացիկ հնարավոր սխալներն ուղղելու, առաջին իսկ անհաջողություններից ՀՖՖ նախագահի փոփոխությունը ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։

Պաշտոնավարման ամբողջական շրջանից հետո կարող ենք արձանագրել հայկական ֆուտբոլի տարբեր ոլորտներում որոշակի դրական և բացասական տեղաշարժերի մասին։ Վերջապես ունեցանք պայքարող հավաքական, հաջողվեց ուժեղ հայազգի ֆուտբոլիստներին, լավ որակումով մարզչի ներգրավել մեր թիմ։ Այս ընտրանու շնորհիվ տարվա ընթացքում ունեցանք ուրախանալու և հպարտանալու շատ պահեր, այս հավաքականը սիրվեց հայ երկրպագուի կողմից։
Սակայն այս հաջողությունները համարում ենք լոկալ և ոչ բավարար։ Կարծում ենք, որ ինչ֊որ մի պահից ՀՖՖ նախագահը շեղվեց իր ուղեծրից։ Համակարգային փոփոխությունները, սպասված ռեֆորմները և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման դժվարին ճանապարհը փոխարինելով ազգային հավաքականի արագ հաջողության հասնելու հետ։ Դա է վկայում Նորվեգիայի հավաքականից ջախջախիչ պարտությունից հետո արված հայտարարությունը՝ մեկ նպատակ Եվրո-2024 խորագրով։ Հիմնական աշխատանքներն ուղվեցին արագ արդյունքի ապահովմանը, բայց որի հաջողությունն ու ուրախությունը, ինչպես համոզվել ենք բազմիցս, ընդամենը ժամանակավոր է։ Հավաքականի բազմամյա ավագ` Հենրիխ Մխիթարյանը դադարեցրեց ելույթները ազգային հավաքականում։ Ժամանակի հետ մեր հորդորներն ու դիտարկումները սկսեցին լսելի չդառնալ, իսկ վերջին ակորդն առանց երկրպագուների հետ քննարկման ազգային հավաքականի տնային խաղերի տոմսերի գների անտրամաբանական և չհիմնավորված բարձրացումն էր՝ իբրև պայքար սև շուկայի դեմ։

ՀՖՖ նախագահի կողմից ներկայացված 4 տարիների հաշվետվությունում նշված հաջողություններն ու թվերը կարծում ենք հեռու են հայ ֆուտբոլասերի սպասելիքներից, նույնիսկ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները։ Տարբեր ոլորտների զարգացումը, ծրագրերի հաջողությունները, երեխաների մարզումների, ֆուտբոլի ակադեմիայի էֆֆեկտիվության բարելավումը, տարբեր տարիքային մեր թիմերի արդյունքները և այլն պետք է տեսանելի և զգալի լինեին հայ ֆուտբոլասերների և հասարակության համար, այլ ոչ դրանց մասին տեղեկանայինք հոլովակի միջոցով։

Արազ Օզբիլիս․
Արազը մեզ՝ երկրպագուներիս համար ոսկե սերնդի ամենասիրելի ֆուտբոլիստներից է։ Սիրված է ոչ միայն ֆուտբոլային այլ նաև մարդկային որակների համար։ Արազի հետ տեղի ունեցած հանդիպմանը ողջունել ենք նրա քայլերը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղադաշտ կառուցելու, ֆուտբոլային ակադեմիա հիմնելու փորձերի, ֆուտբոլիստի կարիերայից հետո Հայաստանում ֆուտբոլային գործունեություն ծավալելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ հայտնել ենք, որ տեղի ունեցող պրոցեսները, որոնցում իրեն փորձում են ներգրավել և իրեն առաջադրող կողմի մղումները վստահելի չեն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԱՖ-ը ՀՖՖ նախագահի 2023 թվականի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից ոչ մեկին»,- նշված է FAF-ի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունները, որի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023