Գործարքը կայացած է. Ֆաբիան Ռուիսը տեղափոխվում է ՊՍԺ
«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Պարի Սեն-Ժերմենը» կվճարի 23 մլն եվրո։
Իսպանացի ֆուտբոլիստիստն օգոստոսի 31-ին կմեկնի Փարիզ, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար և կստորագրի նախապես համաձայնեցված 5 տարվա պայմանագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Նշենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում էր ցանկանում տեսնել նաև «Ռեալ Մադրիդը», որը, սակայն, ցանկանում էր Ռուիսի հետ պայմանագիր կնքել միայն 2023 թ. հունիսին, երբ նա կդառնար ազատ գործակալ։
Անդուհանդերձ, գործին միջամտել է ՊՍԺ-ն, որը բավական արագ ավարտին է հասցրել այս գործարքը։
«Նապոլին» էլ, հաշվի առնելով, որ հաջորդ ամռանը Ռուիսն ամվճար է հեռանալու ակումբից, ընդունել է «Փարիզի» առաջարկը։
Հավելենք, որ Ֆաբիան Ռուիսը «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 166 խաղում դառնալով 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նապոլի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբիան Ռուիս, Ֆաբրիցո Ռոմանո