FA cup. Լոնդոնը վերջնականապես գրավեց Մանչեսթերը?
Այսօր՝ հուլիսի 19-ին, Անգլիայի գավաթի շրջանակում կայացավ նաև երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Խաղի հենց մեկնարկից «ազնվականները» տիրեցին նախաձեռնությանը, սակայն միայն առաջին խաղակեսի ամենավերջում բացվեց խաղի հաշիվը։ Մինչև հանդիպման հաշիվը բացելն էլ աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին Ռիս Ջեյմսն ու Մարկոս Ալոնսոն, սակայն մի դրվագում փրկեց Դավիդ դե Խեան, իսկ իսպանացի պաշտպանի հարվածը մոտ տարածությունից բարձր ստացվեց։
Առաջին խաղակեսում «կարմիր սատանաների» ստեղծած պահերից էլ կարելի է առանձնացնել Բրունո Ֆերնանդեշի իրացրած տուգանային հարվածը, ինչից հետո Վիլի Կաբալյերով գնդակն ուղարկեց դեպի անկյունային։
Այնպես ստացվեց, որ կողմերը տարբեր վնասվածքների պատճառով առաջին խաղակեսի վերջնամասում 11 րոպե ավել խաղացին և «Չելսին» հանդիպման 45+11-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Սեզար Ասպիլիկուետայի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Օլիվիե Ժիրուն բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսը նոր-նոր էր մեկնարկել, սակայն «Չելսին» միանգամից խփեց երկրորդ գնդակը։ Դաշտի կենտրոնում «Յունայթեդի» պաշտպան Բրենդոն Վիլիամսը սխալ փոխանցում կատարեց, ինչից հետո Մեյսոն Մաունթը խլեց գնդակը, կենտրոնով շարժվեց մի փոքր արագ և դիպուկ հարվածով գրավեց դաշտի հեռավոր անկյունը։ Հատկանշական է, որ այդ դրվագում անչափ վատ խաղաց Դավիդ դե Խեան։
74-րդ րոպեին էլ լուսատախտակին վառվեց արդեն 0։3 հաշիվը։ Վիլիանի աջ եզրից իրացրած անկյունային հարվածից հետո լոնդոնյան ակումբի գրոհը երկրորդ տեմպը ստացավ, ինչից հետո Մարկոս Ալոնսոյի կատարած փոխանցումից հետո Հարի Մագուայերը գրավեց սեփական դարպասը։
Հանդիպման մնացած ժամանահահատվածում մանկունյական ակումբին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակ։ 85-րդ րոպեին Կալում Հոդսոն-Օդոյին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Անտոնի Մարսիալի նկատմամբ, ինչից հետո նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։
Այսպիսով, «Չելսին» վստահ հաղթանակ տարավ 3։1 հաշվով՝ դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում օգոստոսի 1-ին կմրցի «Արսենալի» դեմ։ Խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
# FA-Cup, Բրունո Ֆերնանդեշ, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Մաունթ, Չելսի, Օլիվիե Ժիրու