FA Cup. Լիվերպուլը վերժխնդիր եղավ Աստոն Վիլլայի երեխաներից🎥
Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև արդեն Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։
1/32 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Ինչպես հայտնի է, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ծանրագույն իրավիճակում է հայտնվել, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով, ակումբի մարզաբազան անորոշ ժամկետով փակվել է, իսկ այն ֆուբտոլիստները, ովքեր վարակված չեն կորոնավիրուսով, ստիպված էին ինքնամեկուսանալ, քանի որ լրացուցիչ թեստավորում դեռևս չեն անցել, այդ պատճառով էլ ակումբը որոշեց այս հանդիպմանը ներկայանալ 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, իսկ «Լիվերպուլի» դեմ խաղում «Վիլլայի» գործողությունները պահեստայինների նստարանից ղեկավարում էր Մ-23 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Մարկ Դիլեյնին։
Չնայած «Աստոն Վիլլայի» գերերիտասարդ կազմին՝ ակումբը կարողացավ մեկ խաղակես դիմանալ, քանի որ առաջին խաղակեսից հետո հաշիվը 1։1 էր։ Նախ 4-րդ րոպեին Սադիո Մանեն բացեց խաղի հաշիվը, ապա 41-րդ րոպեին 17-ամյա հարձակվող Լուի Բարին հավասարեցրեց այն։
Մինչև 60-րդ րոպեն 1։1 հաշիվը պահպանվում էր, սակայն «Լիվերպուլը», ով այդ պատանի անհայտ ֆուտբոլիստների դեմ խաղում խաղադաշտ էր դուրս եկել գրեթե հինական կազմով, շատ կարճ ժամանակում միացրեց շարժիչները և 60-65-րդ րոպեներին երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Այդ ընթացքում համապատասխանաբար աչքի ընկան Ժորժինո Վեյնալդում, Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը։
Ընդհանրապես, մերսիսայդան ակումբը ողջ խաղի ընթացքում հսկայական առավելություն ուներ և կարող էր հաղթել գերխոշոր հաշվով։ «Լիվերպուլը» գնդակին տիրում էր ժամանակի 84%-ը, մրցակցի դարպասին հարվածել է 28 անգամ, որից 13-ը դիպուկ են եղել, ինչպես նաև կատարել է 768 փոխանցում՝ 157-ի դիմաց։
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 1։4 հաշվով և վրեժխնդիր եղավ «Աստոն Վիլլայի» երեխաներից՝ դուրս գալով մրցաշարի 1/16 եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերին նման իրավիճակում էր հայտնվել նաև «Լիվերպուլը»։ Ակումբը դեկտեմբերի 17-ին պետք է «Աստոն Վիլլայի» դեմ հանդես գար Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչում, իսկ դեկտեմբերի 18-ին նախատեսված էր Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի «Մոնտերեյի» դեմ հանդիպումը, որը կայանալու էր Քաթարում, այսինքն, ակումբը չէր կարող երկու օրվա ընթացքում երկու հանդիպում անցկացնել, այդ պատճառով էլ Լիգայի գավաթի հանդիպմանը մասնակցեցին բացառապես պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստներ և պարտվեցին 0։5 հաշվով։
# FA-Cup, Աստոն Վիլլա, Դին Սմիթ, Ժորժինիո Վեյնալդում, Լիվերպուլ, Լուի Բարի, կորոնավիրուս, Մարկ Դիլեյնի, Մոհամեդ Սալահ, Յուրգեն-Կլոպ, Սադիո-Մանե