Ուելսը հիանալի խաղով հաղթեց Թուրքիային` ժամանակավորապես գլխավորելով A խումբը🎥
Եվրո-2020-ի A խմբի շրջանակում Ուելսի հավաքականը մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։
Խաղասկիզբն ու, ընդհանրապես, առաջին կեսի մեծ մասն Ուելսի հավաքականի թելադրանքով։
Միայն Արոն Ռեմզին կարող էր աչքի ընկնել երկու անգամ, սակայն նրա հարվածներից մեկից հետո հիանալի խաղաց թուրքերի դասրպասապահ Ուգուրջան Չակիրը, իսկ մյուս հարվածը շեղ ստացվեց։
Շյոնել Գնունեշի սաներն իրենց առաջին լուրջ գոլային պահն ունեցան 37-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում էր Բուրակ Յիլմազը, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր բարձր ընթացավ։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը Ռեմզին խփեց իր գոլը. 42-րդ րոպեին Գարեթ Բեյլը հիասքանչ փոխանցումով Ռեմզիին դուրս բերեց հարվածային դիրք, ով էլ արագ կողմնորոշվեց և բացեց խաղի հաշիվը, իսկ կողմերն ընդմիջման գնացին Ուելսի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստների առավելությամբ. վտանգավոր գրոհները մեկը մյուսի հետևից հաջորդում էին Ուելսի հավաքականի դարպասի ուղղությամբ, սակայն «կարմիրներին» չէր հերիքում ինչ-որ բան։
Դեռ ավելին` 60-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի եզրային պաշտպան Զեկի Չելիկը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Արթուր Դիաշը 11-մետրանոց նշանակեց։
Գնդակին մոտեցավ Գարեթ Բեյլը, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց։
Այդ դրվագից հետո երկար ժամանակ գոլային պահեր չկային խաղում և այդպես մինչև 79-րդ րոպե, երբ աչքի ընկնելուն մոտ էր Դանիել Ջեյմսը, սակայն նրա հարվածից հետո հիանալի խաղաց Ուգուրջան Չակիրը։
Խաղավարտին մոտ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպումը և փրկել այն։
88-րդ անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկնելուն մոտ էր Թուրքիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը, սակայն նրա հարվածից հետո փայլեց վալիացիների դարպասապահ Դանի Վորդը` փրկելով իր թիմին։
Դեռ ավելին` 90+5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ուելսի հավաքականը կրկնապատկեց իր առաբելությունը. Գարեթ Բեյլի կատարած փոխանցումից հոտո աչքի ընկավ Կոնոր Ռոբերտսը։
Այսպիսով, Ուելսի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն, A խմբի շրջանակում վաստակեց 4 միավոր` բարձրանալով 1-ին հորիզոնական։
Թուրքիայի հավաքականը դեռևս միավոր չունի և եզրափակում է խումբը։
Այս խմբի մյուս խաղում կմրցեն Իտալիայի ու Շվեյցարիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կկայանա հունիսի 16-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արոն Ռեմզի, Բուրակ Յիլմազ, Գարեթ-Բեյլ, Դանիել Ջեյմս, Եվրո-2022-ֆուտզալ, Զեկի Չելիկ, Թուրքիայի հավաքական, Շյոնել Գյունեշ, Ուգուրջան Չակիր, Ուելսի հավաքական