Էրեդիվիզիան ներկայացնող ակումբի դարպասապահի ֆենոմենալ վիճակագրությունը Ֆեյենորդի դեմ գավաթային խաղում🎥

Էրեդիվիզիան ներկայացնող ակումբի դարպասապահի ֆենոմենալ վիճակագրությունը Ֆեյենորդի դեմ գավաթային խաղում🎥

09/02/2023 - 16:12

Նիդերլանդների գավաթի 1/8 եզրափակիչում «Ֆեյենորդը» Ռոդերդամի «Դե Կույպ» մարզադաշտում անհավանական խաղում 11-մետրանոցներով հաղթեց «Նեյմեգենին»։

Մինչև հանդիպման 90-րդ րոպեն հյուրերը Կալվին Վերդոնկի և Պեդրու Մարկեշի խփած գալերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն ռոտերդամցիները կարողացան ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը. 90-րդ և 90+2-րդ րոպեներին աչքի ընկան համապաստախանաբար Օրկան Կյոկչուն ու Իգոր Պայշաոն։

Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում կողմերը ևս երկուական գոլով փոխանակվեցին։

Նախ 96-րդ րոպեին Յորդի Բրյոնն առաջ մղեց «Նեյմեգենին», ապա 98-րդ րոպեին Սանտիագո Խիմենեսը խփեց «Ֆեյենորդի» պատասխան գոլը, իսկ 116-րդ րոպեին տանտերերը Ջավայրո Դիլրոսունի խփած գոլի շնորհիվ այս խաղում առաջին անգամ հայտնվեցին հաղթողի կարգավիճակում, սակայն 118-րդ րոպեին Յորդի Բրյոնը դարձավ դուբլի հեղինակ ու փրկեց հյուրերին պարտությունից։

Հանդիպման լրացուցիչ ժամանակից հետո լուսատախտակին վառվում էր 4:4 հաշիվը, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի արդյունքում «Ֆեյենորդը» հաղթեց 5:3 հաշվով` դուրս գալով գավաթի 1/4 եզրափակիչ։

Այդուհանդերձ, այս հանդիպումն աչքի ընկավ ոչ միայն իր դրամատիզմով և արդյունավետությամբ, այլև «Նեյմեգենի» դարպասապահ Մաթիյս Բրանդենհորսթի ֆենոմենալ վիճակագրությամբ։

Բանն այն է, որ 29-ամյա դարպասապահն այս խաղում կատարել է 23 սեյվ։

Ընդ որում, պետք է նշենք, որ «Ֆեյենորդը» «Նեյմեգենի» դարպասի ուղղությամբ կատարել է ոչ ավել, ոչ պակաս 50 հարված, սակայն խփեց ընդամենը 4 գոլ։

Հեղինակավոր SofaScore վիճակագարական կայքը հայտնում է, որ իր տվյալների բազայում երբևէ չէր եղել, որ մեկ խաղում որևէ դարպասապահ կատարի 23 սեյվ։

Մինչ այս լավագույն ցուցանիշը գրանցել էր «Բորուսիա Մյունխենգլադբախի» նախկին դարպասապահ Յան Զոմերն, ով իր ներկայիս ակումբի` «Բավարիայի» դեմ 2022 թ. օգոստոսի 27-ին կայացած խաղում կատարել էր 19 սեյվ։

Հավելենք, որ Մաթիյս Բրանդենհորսթը «Նեյմեգենի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 105 խաղում դարպասը 31 անգամ պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023