El Mundo-ի սկանդալային հրապարակումը. Մեսսիի պահանջները Բարսելոնային 2020 թվականին
Sportbible-ն, հղում կատարելով հեղինակավոր El Mundo պարբերականին, ներկայացրել է այն պահանջները, որոնք 2020 թվականին Լեո Մեսսին դրել է «Բարսելոնայի» ղեկավարության առջև։
1. Երեք տարվա տարվա պայմանագիր
Ինչպես կարգն է, համաշխարհային գրանդ ակումբների մեծ մասը 30 տարեկանը բոլորած ֆուտբոլիստներին հիմնականում առաջարկում են 1 տարվա պայմանագիր, քանի որ ֆինանսական կորուստը, հնարավոր է, սպասվածից շատ ավելի մեծ լինի, սակայն մենք խոսում ենք Լեո Մեսսիի մասին, ով այդ ժամանակ արդեն 33 տարեկան էր։
2. Անձնական տրիբունա «Նոու Կամպ» մարզադաշտում իր և Լուիս Սուարեսի ընտանիքների համար
Լեո Մեսսին և Լուիս Սուարեսն ընկերներ են այն պահից, երբ ուրուգվայցի հարձակվողը 2014 թվականին համալրեց «Բարսելոնայի» շարքերը։ Մեսսին ցանկանում էր անձնական տրիբունա ունենալ «Նոու Կամպ» մարզադաշտում, որը նա և Սուարեսի ընտանիքը կարող էին օգտագործել ցանկացած պահի։
3. 10 մլն եվրո հավելավճար` պայմանագրի երկարաձգման դիմաց
Այդ ժամանակ կատալոնական ակումբը պայմանագրի երկարաձգման հարցում հրաժարվում էր բանակցել Լեո Մեսսի հետ, քանի որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ֆինանսական խնդիրներ ուներ։ Ակումբը պատրաստ չէր արգենտինացի ֆուտբոլիստին վճարել այնքան, որքան նա ցանկանում էր։ Տվյալ ժամանակահատվածում պայմանագրի երկարաձգման դիմաց միայն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է հավելավճար ստացել։
4. Հրաժարագնի կետի չեղարկում կամ դրա նվազեցում
Լեո Մեսսին ցանկացել է իր պայմանագրում առկա հրաժագնի կետը կա՛մ ընդհանրապես չեղարկվի կա՛մ էլ այն նվազեցվի։ Նա մտադիր էր պայմանագրով սահմանաված 700 մլն եվրո հրաժագինը նվազեցնել մինչև 10 հազար եվրոյի։ Այսինքն, տվյալ դեպքում նա կարող էր ակումբից հեռանալ ցանկացած պահի։
5. Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրճատված/ուշացված աշխատավարձի վճարում + 3% փոխհատուցում
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «Բարսելոնայի» ղեկավարությունն աշխատավարձի նվազման հարցում ակումբի բոլոր ֆուտբոլիստների հետ ունեցել է պայմանավորվածություն։ Լեո Մեսսին ակումբից պահանջել է վճարել կրճատված/ուշացված աշխատավարձը և որպես փոխհատուցում ցանկացել է հավելյալ ստանալ նաև իր տարեկան աշխատավարձի 3%-ը։
6. Անձնական ինքնաթիռ` սուրբծննդյան տոների համար
Մեսսին ակումբի միջոցներով ցանկացել է անձնական ինքնաթիռ ունենալ, որպեսզի սուրբծննդյան տոների ժամանակ կարողանա մեկնել Արգենտինա և հետ վերադառնա Բարսելոնա։
7. «Մաքուր» աշխատավարձի պահպանում` հարկերի բարձրացման դեպքում
Լեո Մեսսին ցանկացել է, որ իր «մաքուր» աշխատավարձը մնա անփոփոխ, եթե Իսպանիայի կառավարությունը որոշի բարձրացնել հարկերը։
8. Անձնական օգնականը պետք է շարունակի իր աշխատանքը
Լեո Մեսսին ուներ անձնական օգնական` Պեպե Կոստան, ում աշխատանքի դիմաց «Բարսելոնան» վճարում էր այն պահից սկսած, երբ վերջինս տեղափոխվել էր Կատալոնիայի մայրաքաղաք։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նրա աշխատանքը հարցականի տակ էր, սակայն արգենտինացի ֆուտբոլիստը պնդում էր, որ Կոստան շարունակի իր գործը։
9. Փոխհատուցում Լեո Մեսսի եղբոր` Ռոդրիգո Մեսսիի համար
Լեո Մեսսիի վերջին պահանջը եղել է այն, որ «Բարսելոնան» պետք է փոխհատոցում վճարի նրա եղբորը` Ռոդրիգո Մեսսիին։ Բանն այն է, որ այդ ժամանակ Ռոդրիգոն ներկայացնում էր Անսու Ֆաթիի շահերը, ու կողմերի միջև շուտով բանակցություններ պետք է տեղի ունենային։
Նշենք, որ այս պահանջները Լեո Մեսսին ներկայացրել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, երբ 2020 թ. ամռանը շատ մոտ էր կատալոնական ակումբի շարքերը լքելուն. այդ ժամանակ կողմերի հարաբերությունները կտրուկ սրվել էին։
2021 թ. ամռանն արգենտինացի ֆուտբոլիստը, ամեն դեպքում, ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից»` տեղափոխվելով ՊՍԺ։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2004-2021 թթ., որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 778 անգամ` դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խոսեպ Մարիա Բարտոմեու, ՊՍԺ, Ռոդրիգո Մեսսի, տրանսֆերներ