Der Klassiker-ում մենաշնորհ է. Բավարիան` Գերմանիայի Սուպերգավաթակիր🎥
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացավ Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին տեղի «Բորուսիան» ու «Բավարիան»։
Հանդիպումը մեկնարկել էր փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։
Հատկապես կարելի է հիշատակել Սերժ Գնաբրիի ու Մարկո Ռոյսի դրվագները. «Բավարիայի» վինգերի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։
Ինչ վերաբերում է դորտմունցիների ավագի դրվագին, ապա նրա հարվածից հետո հիանալի գործեց «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը` փրկելով իր թիմին։
Այդ դրվագից հետո Յուլիան Նագելսմանի սաները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը. վտանգավոր գրոհները «Բորուսիայի» դարպասին հաջորդում էին մեկը մյուսին, ինչն էլ նպաստեց, որ նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ կեսը նոր-նոր էր մեկնարկել, երբ 50-րդ րոպեին մյունխենցիները ևս մեկ գնդակ ուղարկեցին Գրեգոր Կոբելի պաշտպանած դարպասը. Լևանդովսկու` կրնկով կատարած ֆանտաստիկ փոխանցումից հետո Թոմաս Մյուլլերը գրավեց դատարկ դարպասը։
Բաց թողած երկրորդ գոլից հետո «իշամեղուները» մի փոքր ակտիվացան և 64-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին. պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը։
«Բորուսիայի» ֆուտբոլիստները հենց փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպման ընթացքը, անմիջապես գոլ նվիրեցին մրցակցին. 74-րդ րոպեին Մանուել Ականջին սեփական տուգանային հրապարկի մատույցներում կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո Լևանդովսկին մեն-մենակ մնաց Կոբելի դեմ և հանգիստ գրավեց վերջինիս դարպասը, իսկ հաշիվը դարձավ 3:1։
Խաղավարտը հիմնականում անցավ հանգիստ պայքաւրում, և «Բավարիայի» ֆուտբոլիստները հանդիպումը մոտեցրին հաղթական ավարտին։
Այսպիսով, «Բավարիան» 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»` 9-րդ անգամ դարձավ Գերմանիայի սուպերգավաթակիր։
Հավելենք, մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ոչ միայն «Բավարիայի» ղեկին նվաճեց իր առաջին տիտղոսը, այլև ողջ մարզչական կարիերայի ընթացքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի Սուպեր գավաթ, Թոմաս Մյուլլեր, Մարկո Ռոզե, Մարկո Ռոյս, Յուլիան Նագելսման, Ռոբերտ-Լևանդովսկի