#DeadlineDay. Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենահետաքրքիր գործարքները

#DeadlineDay. Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենահետաքրքիր գործարքները

02/09/2022 - 13:43

Սեպտեմբերի 2-ին` ուշ երեկոյան, եվրոպական թոփ-5 լիգաների ամառային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակվեց։

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը մշտապես տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքիր գործարքներ, որոնցից մի քանիսն այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը։

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ «Բարսելոնա» -> «Չելսի», 12 մլն եվրո

Գաբոնցի հարձակվողը կես տարի իսպանական ֆուտբոլում ուժերը փորձելուց և կարիերան «վերաթողարկելուց» հետո վերադառնում է անգլիական ֆուտբոլ` «Չելսիի» հետ կնքելով պայմանագիր կնքելով «2+1» ձևաչափով։

Մարկոս Ալոնսո «Չելսի» -> ազատ գործակալ

Մարկոս Ալոնսոյի տրանսֆերային իրավունքները ներառվելու են Օբամեյանգի գործարքում, ինչից հետո իսպանացի լատերալը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։

Ճիշտ է` «բլաուգրանան» դեռևս պաշտոնապես չի հայտարարել այս գործարքի մասին, սակայն կատալոնական ակումբը հստակ պայմանավորվածություն ունի «ազնվականների» հետ ու միայն արտառոց որևէ դեպքը կարող է խոչընդոտել դրա կայացմանը։

Ալոնսոն «Բարսելոնայի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Դենիս Զաքարիա «Յուվենտուս» -> «Չելսի», վարձակալություն, 3 մլն եվրո

Շվեյցարացի կիսապաշտպանի կարիերան «Յուվենտուսի» կազմում չստացվեց, ինչից էլ օգտվեցին «ազնվականները»` գնման իրավունքով վարձակալելով նրան։

Վարձակալության դիմաց «Չելսին» թուրինյան ակումբին վճարել է 3 մլն եվրո։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Չելսին» կկարողանա 30 մլն եվրոյի դիմաց գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Բիլի Գիլմուր «Չելսի» -> «Բրայթոն», 10.4 մլն եվրո

Շոտլանդացի տաղանդավոր կիսապաշտպանը կարիերան կշարունակի «ճայերի» կազմում` կնքելով 4 տարվա պայմանագիր։

Վիլֆրիդ Նյոնտո «Ցյուրիխ» -> «Լիդս», 4.5 մլն եվրո

Իտալական ֆուտբոլի ծագող աստղը չնչին գումարի դիմաց տեղափոխվեց «Լիդս»` կնքելով 5 տարվա պայմանագիր։

Դանիել Ջեյմս «Լիդս» -> «Ֆուլհեմ», վարձակալություն

Ուելսցի վինգերը, «Լիդսում« բախվելով բավական լուրջ մրցակցության, 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ֆուլհեմի» կազմում։

Ըստ նախնական տեղեկությունների` վարձակալական պայմանագիրը չի ներառում գնման իրավունք։

Հեկտոր Բելերին «Արսենալ» -> «Բարսելոնա», ազատ գործակալ

Հեկտոր Բելերինը խզեց գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ու 11 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ։

Իսպանացի պաշտպանը «բլաուգրանայի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր, որն ունենալու է նաև հրաժարագնի կետ. այն կկազմի 50 մլն եվրո։

Սերժինիո Դեստ «Բարսելոնա» -> «Միլան», վարձակալություն

«Միլանը» մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել է ամերիկացի ֆուտբոլիստին` ամրապնդելով աջ պաշտպանի դիրքը։

Վարձակալության ավարտին «ռոսոներիները» կկարողանան 20 մլն եվրոյի դիմաց գնել Սերժինիո Դեստի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Անդրե Գոմեշ «Էվերտոն» -> «Լիլ», վարձակալություն

«Բարսելոնայի» և «Վալենսիայի» նախկին կիսապաշտպանն «Էվերտոնից» վարձավճարով տեղափոխվեց ֆրանսիական «Լիլ»։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը չի ներառում գնման իրավունք։

Արթուր Մելո «Յուվենտուս» -> «Լիվերպուլ», վարձակալություն, 4.5 մլն եվրո

Բրազիլական ֆուտբոլի ամենախոստումնալից կիսապաշտպաններից մեկը ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը գտնել եվրոպական գրանդների կազմում։

«Լիվերպուլը», հաշվի առնելով իր կիսապաշտպանությունում առկա կադրային խնդիրներն ու 26-ամյա ֆուտբոլիստի կարգավիճակը «Յուվենտուսում», որոշեց մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել Արթուրին, որի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 4.5 մլն եվրո։

Ըստ նախնական տեղեկությունների` վարձակալության ավարտին մերսիսայդյան ակումբը 37 մլն եվրոյի դիմաց կկարողանա գնել բրազիլացի կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Ջասթին Կլույվերտ «Ռոմա» -> «Վալենսիա», վարձակալություն

Ջասթին Կլույվերտը որոշեց շարունակել իր հոր` Պատրիկ Կլույվերտի ճանապարհը` տեղափոխվելով «Վալենսիա»։

«Չղջիկները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել են 23-ամյա վինգերին, որի ավարտին կկարողանան 15 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Մարտին Բրեյթվեյթ «Բարսելոնա» -> «Էսպանյոլ», ազատ գործակալ

Դանիացի հարձակվողը հեռացավ «Բարսելոնայից», սակայն կշարունակի մնալ Կատալոնիայի մայրաքաղաքում։

Բրեյթվեյթը երկկողմ համաձայնությամբ խզեց «բլաուգրանայի» հետ գործող պայմանագիրն ու ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Էսպանյոլ»։

31-ամյա հարձակվողը «թութակների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Ամին Գուիրի «Նիցցա» -> «Ռեն», 28 մլն եվրո

Ֆրանսիական ֆուտբոլի ամենատաղանդավոր կենտրոնական հարձակվողներից մեկը համալրեց «Ռենի» շարքերը` կնքելով 5 տարվա պայմանագիր։

Հատկանշական է, որ «Ռենն» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։

Կարլոս Սոլեր «Վալենսիա» -> ՊՍԺ, 18 մլն եվրո

Փարիզյան ակումբը տրանսֆերային պատուհանի փակման օրը հասցրեց ևս մեկ գործարք իրականացնել` 18 մլն եվրոյի դիմաց գնելով «Վալենսիայի» կիսապաշտպան Կարլոս Սոլերին։

25-ամյա կիսապաշտպանը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ֆրանչեսկո Աչերբի «Լացիո» -> «Ինտեր», վարձակալություն

«Ինտերն» ամրապնդեց կենտրոնական պաշտպանի գոտին` «Լացիոյից» վարձակալելով Ֆրանչեսկո Աչերբիին։

Վարձակալական պայմանագիրը կնքել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «ներաձուրիներն» ունենալու են 34-ամյա պաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։

Յուլիան Դրաքսլեր ՊՍԺ -> «Բենֆիկա», վարձակալություն, 2.5 մլն եվրո

«Բենֆիկան» մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել է ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին, որի դիմաց փարիզյան ակումբին կվճարի 2.5 մլն եվրո։

Կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագիրը չի ներառում գնման իրավունք։

Մարտին Դուբրավկա «Նյուքասլ» -> «Մանչեսթեր Յունայթեդ», վարձակալություն

«Մանչեսթեր Յունայթեդը» գնման իրավունքով մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալեց «Նյուքասլի» 33-ամյա դարպասապահ Մարտին Դուբրավկային։

Վարձակալության ավարտին «կարմիր սատանաները» 5 մլն եվրոյի դիմաց կկարողանան գնել Դուբրավկայի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Ումար Սադիկ «Ալմերիա» -> «Ռեալ Սոսիեդադ», 20 մլն եվրո

«Ռեալ Սոսիեդադն» իրանակացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գնելով «Ալմերիայի» հարձակվող Ումար Սադիկին։

Նիգերիացի ֆուտբոլիստը բասկյան ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Իլայիշ Մորիբա «Լայպցիգ» -> «Վալենսիա», վարձակալություն

«Լայպցիգի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբան վարձակալությամբ կշարունակի հանդես գալ «Վալենսիայի» կազմում, որի նախատեսված է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

19-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը նույնպես անցկացրել է «չղջիկների» հետ։

Իդրիսա Գեյե ՊՍԺ -> «Էվերտոն», 6 մլն եվրո

Սենեգալցի կիսապաշտպանը 3 տարի անց վերադաձավ «Էվերտոն», որի կազմում հանդես է եկել նաև 2016-2019 թվականներին։

32-ամյա ֆուտբոլիստն «իրիսների» հետ պայմանագիրը կնքել է «2+1» ձևաչափով։

Վիլիան «Կորինտիանս» -> «Ֆուլհեմ», ազատ գործակալ

Բրազիլացի անվանի վինգեր Վիլիանը 2 տարի անց վերադարձավ անգլիական Պրեմիեր լիգա, որի շրջանակում հանդես գալու մեծ փորձ ունի (259 հանդիպում, 38 գոլ և 44 ասիստ)։

34-ամյա եզրային հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակում 1 տարվա պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ։

Լայվին Կուրզավա ՊՍԺ -> «Ֆուլհեմ», վարձակալություն

Տրանսֆերային պատուհանի փակման օրը «Ֆուլհեմը» ևս մեկ լուրջ համալրում ունեցավ` վարձակալելով ՊՍԺ-ի ձախ պաշտպան Լայվին Կուրզավային։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը չի ունենալու գնման իրավունք։

Աբդու Դիալո ՊՍԺ -> «Լայպցիգ», վարձակալություն, 1.5 մլն եվրո

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Աբդու Դիալոն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով հանդես կգա «Լայպցիգի» կազմում, որի դիմաց «ցլերը» փարիզյան ակումբին կվճարեն 1.5 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023