Copa del Rey. Հետաքրքիր հանդիպումների ու անակնկալների պակաս չկա․ Բետիսը դուրս թողեց Սոսիեդադին🎥
Հունվարի 26-ին մեկնարկեց Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի խաղարկության 1/8 եզրափակիչը։
1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Լևանտեն» հյուրընկալվելիս գոլառատ խաղում 2։4 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»՝ դառնալով քառորդ եզրափակչի առաջին թիմը։
«Վիլյառեալն» էլ Երեմի Պինոյի միակ գնդակի շնորհիվ դժվար հաղթանակ տարավ Սեգունդան ներկայացնող «Ժիրոնայի» նկատմամբ՝ միանալով «Լևանտեին»։
Խաղային օրվա ամենահետաքրքիր ու դրամատիկ հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Բետիսն» ու «Ռեալ Սոսիսեդադը»։
Բասկյան ակումբը, որը նախորդ մրցաշրջանում հասել էր գավաթի խաղարկության (Copa del Rey) եզրափակիչ, այս հանդիպումն էլ վստահ մեկնարկեց՝ 13-րդ րոպեին Միկել Օյարսաբալի ջանքերով բացելով խաղի հաշիվը։
Իրադարձությունների հիմնական մասը տեղի ունեցավ երկրորդ խաղակեսում։
48-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Այսեր Իլյարամենդին՝ «Ռեալ Սոսիեդադի» տղաներին թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Ստանալով քանակական առավելություն՝ հանդիպման նախաձեռնությունն անցավ անդալուսական ակումբի ձեռքը, սակայն Մանուել Պելեգրինիի սաներին երկար ժամանակ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։ Դեռ ավելին՝ 76-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվեցին, քանի որ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտով պատժվեց «Բետիսի» հարձակվող Անտոնիո Սանաբրիան։
79-րդ րոպեին, ամեն դեպքում, «Բետիսը» հավասարեցրեց հաշիվը․ աչքի ընկավ Սերխիո Կանալեսը։
Հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար ևս 30 րոպե անցկացրին խաղադաշտում։
Լրացուցիչ ժամանակի հերոսը դարձավ «Բետիսի» կազմում փոխարինման դուրս եկած Բորխա Իգլեսիասը 96 ու 111-րդ րոպեներին երխու անգամ գրավեց Ալեխանդրո Ռեմիրոյի դարպասը՝ 3։1 հաշվով հաղթանակ պարգևելով «վարունգներին»։
Այսպիսով, «Բետիսի» ֆուտբոլիստները, ինչ-որ տեղ, անակնկալ հաղթանակ տարան և պայքարը կշարունակեն մրցաշարի քառորդ եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, ԱՆտոնիո Սանաբրիա, Ասյեր Իլյարամենդի, Բետիս, Բորխա Իգլեսիաս, Երեմի Պինա, Ժիրոնա, Իսպանիայի գավաթ, Լևանտե, Մանուել Պելեգրինի, Միկել Օյարսաբալ, Ռեալ-Սոսիեդադ, Սեգունդա, Սերխիո Կանալես, Վալյադոլիդ, Վիլյառեալ