Սիբելեսի պատմությունը. Ի՞նչու են Ռեալի երկրպագուները նվաճած գավաթները տոնում հայտնի արձանի մոտ
Երբ 1782 թվականին Մադրիդի կենտրոնում կառուցվեց Սիբելես շատրվանը, ոչ ոք չգիտեր, որ մի քանի դար անց այն դառնալու է «Ռեալ Մադրիդ» երկրպագուների հանդիպման վայրը` տոնելու ակումբի նվաճած տիտղոսները։
Երբ «Ռեալը» տիտղոս է նվաճում, երկրպագուները հավաքվում են շատրվանի մերձակայքում՝ տեսնելու, թե ինչպես են ֆուտբոլիստներն ակումբի շարֆը կամ դրոշը փաթաթում աստվածուհու՝ Սիբելեսի պարանոցին:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` 2019/2020 մրցաշրջանում, երբ «Ռեալը» նվաճեց Լա լիգայի 34-րդ չեմպիոնական տիտղոսը, երկրպագուների ու ֆուտբոլիստների հանդիպումը տեղի չունեցավ Սիբելեսի շուրջ։
Ակումբը հայտարարեց, որ ֆուտբոլիստները, ելնելով համաճարակային իրավիճակից, չեն այցելելու Սիբելես, իսկ տեղական իշխանությունները երկրպագուներին նույնպես կոչ արեցին մնալ տանը։
Այդուհանդերձ, 1980-ականներից սկսած` «լոս բլանկոսի» նվաճած գրեթե բոլոր տիտղոսները խնջույքի էին վերածվում հունական աստվածուհու առջև։
Մինչ այդ «Ռեալի» և «Ատլետիկո Մադրիդի» երկրպագուներն արդեն այցելել էին Սիբելես` նշելու իրենց թիմերի հաջողությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք այնտեղ էին հավաքում Սիբելեսի կենտրոնական դիրքի պատճառով։
Իրականում, որքան էլ դժվար է այսօր հավատալ, որ երկրպագուներն առաջին անգամ Սիբելեսի շուրջ հավաքվել են դեռևս 1962 թվականին, երբ «Ատլետիկոն» Գավաթակիրների գավաթի եզրափակիչում հաղթեց «Ֆիորենտինային»։
Այնուհամենայնիվ, Սիբելեսի մերձակայքում հավաքվելը կանոնավոր ավանդույթ դարձավ հատկապես 1980-ականներին, երբ «Ռեալ Մադրիդը» գերիշխում էր Իսպանիայում ու 1985-90 թթ. 5 անգամ անընդմեջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
1980-ականներին «Ատլետիկոյի» գավաթային երաշտը և «Ռեալի» գավաթների տեղատարափը աստվածուհուն դարձրին «արքայական» ակումբի ցմահ երկրպագու։
Երբ «Ատլետիկոն» 1991-92 թթ. երկու անգամ անընդմեջ դարձավ Իսպանիայի գավաթկիր, ակումբի երկրպագուները հավաքվեցին ոչ թե Սիբլեսի մոտ, այլ դրանից 500 մ ներքև` Նեպտուն շատրվանի հարևանությամբ։
Երբ «արքայական» ակումբը որևէ տիտղոս է նվաճում, թիմի ավագին է բախտ վիճակվում Սիբելեսի պարանոցի ծածանել թիմի շարֆը կամ դրոշը։
«Ռեալի» վերջին ավագը, ով բարձրացել է Սիբելեսի թիկունքին և վեր խոյացրել ակումբի խորհրդանիշները, Սերխիո Ռամոսն է եղել, ով 2015-2021 թթ. բազմաթիվ տիտղոսներ նվաճեց «արքայական» ակումբի կազմում։
«Սա իրական պլատոնական սեր է»,- ասել է Ռամոսն իր և աստվածուհու հարաբերությունների մասին։
Բոլոր նրանք, ովքեր կապված են «Ռեալի» հետ, նրա համար Սիբլեսը կլինի միշտ յուրահատուկ։ Ապագայում, երբ ամեն ինչ համաճարակային տեսանկյունից կրկին ապահով կլինի, երկպագուները նորից կհավաքվեն Սիբլեսի մերձակայքում` տոնելու ակումբի հերթական տիտղոսը։
# laliga, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Սիբելես