Բարձրագույն խումբ. Կայացան ուշագրավ և նշանակալի հանդիպումներ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում այսօր՝ մարտի 6-ին կայացան 4 հանդիպումներ:
Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» սեփական մարզաբազայում ընդունել էր «Արարատ-Արմենիային»: Հյուրերը հաղթեցին 3:0 հաշվով: Գոլերը խփել են Պաշովը, Մարտինեսը և Կոբյալկոն:
Հատկանշական է, որ իրենց նախկին և ինչ-որ տեղ հարազատ հանդիպման դեմ էին Պետրոս Ավետիսյանը, ով վերջերս է «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվել և «կապույտների» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Անչափ հետաքրքիր պայքար էր ծավալվում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Գործող չեմպիոնը և ընթացիկ առաջնության առաջատարը հաղթեց 4:2 հաշվով:
Առաջին իսկ րոպեին 11 մետրանոց է նշանակվել նոմինալ տանտերերի դարպասին, որը հստակ է իրացրել Պրուդնիկովը: Այնուհետև Չուլայի գոլի շնորհիվ հաշիվը հավասարեցվել է: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Զելկովիչն առաջ է մղել ալաշկերտցիներին:
65-րդ րոպեին «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչը խախտել է կանոնները դարպասից դուրս գալիս և պատժվել է կարմիր քարտով: Նախաձեռնությունն անցել է «Գանձասարի» կողմը: 71-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը կրճատել է հաշվի տարբերությունը:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացվել է 8 րոպե. ամբողջ ուժերով առաջ նետված «Գանձասար-Կապանը» հակագրոհ է բաց թողել և պատժվել. դուբլ է ձևակերպել Պրուդնիկովը:
Վանաձորում տեղի «Լոռին» հյուրընկալել էր «Արցախին» և հաղթեց 2:0 հաշվով: Դուբլ է ձևակերպել Ջոնել Դեսիրեն. հատկանշական է, որ հայիթիցի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խփել է 10-րդ գոլը՝ հավասարվելով Իվայլո Դիմիտրովին, ով տեղափոխվել է «Ժետիսու»:
Երևանի «Արարատը» «Բանանցի» մարզաբազայում հյուրընկալել էր «Շիրակին» և պարտվել է 0:2 հաշվով: 17-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Նտիկա Բոնդոմբեն, իսկ 48-րդ րոպեին Փոլ Մուսա Բակայոկոն հստակ է իրացրել 11 մետրանոցը:
Նշենք, որ այս տուրում հանդիպումը բաց էր թողնում «Բանանցը»:
21-րդ տուրից հետո ԲԽ-ի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը. «Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո բարձրացել է 2-րդ հորիզոնական: «Լոռին» մոտեցել է «Փյունիկին, իսկ «Շիրակը» ամրապնդվել է 6-րդ հորիզոնականում: