Պարտիզանի, Բրագայի և Ամկարի նախկին ֆուտբոլիստը` Ալաշկերտում
«Ալաշկերտը» հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել փորձառու սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ:
29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր:
Միլկովիչը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», երկու մրցաշրջան և ավելի քանի 50 հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմիեր լիգայում՝ Պերմի «Ամկարի» կազմում:
Պայմանագրի ստորագրումից հետո ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է նորեկի հետ.
«Արդեն մի քանի օր է այստեղ եմ, դիտել եմ «Արարատի» դեմ հանդիպումը: Շատ լավ տպավորություններ ունեմ, «Ալաշկերտում» ամեն ինչ գոհացնում է ինձ: Թիմում հիանալի մթնոլորտ է, Երևանն անչափ գեղեցիկ է:
Մոտ մեկ ամիս բանակցում էինք պայմանագրի շուրջ: Ունեի նաև այլ առաջարկներ, սակայն, հաշվի առնելով բոլոր առավելությունները, ընտրեցի «Ալաշկերտի» տարբերակը, քանի որ այս թիմն ասես մի մեծ ընտանիք լինի:
Այս տարի մենք միանշանակ պայքարելու ենք չեմպիոնության համար: Դրա համար էլ ես այստեղ եմ: Մինչև տեղափոխությունը խորհրդակցել էի «Ալաշկերտի» սերբ ֆուտբոլիստների հետ»,- նշել է Միլկովիչը:
Սերբ նորեկն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է մեր թիմի մարզումներին:
# Ալաշկերտ, տրանսֆերներ