Դե Խեան կրկնել է ՄՅՈՒ-ի կազմում անցկացրած «չոր» հանդիպումների ռեկորդը
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
«Կարմիր սատանաների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեան, ով սեփական դարպասը պահեց անառիկ։
Իսպանացի դարպասապահը մանկունյական ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրեց 180-րդ «չոր» հանդիպումը։
«Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Դե Խեան կրկնել է «չոր» հանդիպումների քանակով ակումբային ռեկորդը` հավասարվելով Կասպեր Շմեյխելին։
Նշենք, որ իսպանացի դարպասապահին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 521, իսկ Շմեյխելին` ընդամենը 398 հանդիպում։
Հավելենք, որ «կարմիր սատանաների» կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած «չոր» խաղերի քանակով ռեկորդը պատկանում է Էդվին վան դեր Սարին, ով 2008/09 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 49 հանդիպումներից 32-ում գոլ բաց չի թողել։
Այդ տեսանկյունից Շմեյխելի լավագույն ցուցանիշը եղել է 26, իսկ Դե Խեայինը` 22 «չոր» խաղ։
Հատկանշական է, որ «Լեսթերի» դեմ խաղում Դավիդ դե Խեան Պրեմիեր լիգայի շրջանակում 140-րդ անգամ դարպասը պահեց անառիկ և այդ ցուցանիշով հավասարվեց «Արսենալի» լեգենդար նախկին դարպասապահ Դևիդ Սիմենին։
Պրեմիեր լիգայի պատմության ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահների շրջանում Սիմենն ու Դե Խեան այժմ կիսում են 4-5-րդ հորիզոնականները։
Նրցանից առաջ են միայն Պետեր Չեխը (202), Դևիդ Ջեյմսը (169) և Մարկ Շվարցերը (151)։
Վերջում ավելացնենք, որ Դավիդ դե Խեան մանկունյական ակումբի կազմում հանդես է գալիս 2011 թվականից` այդ ընթացքում նվաճելով 7 տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դավիդ-դե-Խեա, Դևիդ Ջեյմս, Դևիդ Սիմեն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկ Շվարցեր, Պետեր Շմեյխել, Պետեր Չեխ