Էկվադորական ակումբը դարձել է Կոպա Սուդամերիկանայի չեմպիոն` անակնկալ հաղթանակ տոնելով Սան Պաուլոյի նկատմամբ🎥
Արգենտինայի Կորդոբա քաղաքի «Մարիո Կեմպես» մարզադաշտում կայացել է Կոպա Սուդամերիկանայի (Խմբ.` Լատինական Ամերիկայի` Լիբերտադորեսի գավաթից հետո նշանակությամբ երկրորդ ակումբային միջազգային մրցաշարը) 2022 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինդեպենդիենտե դել Վալեն» (Էկվադոր) և «Սան Պաուլոն» (Բրազիլիա)։
Ի սկզբանե հանդիպման ֆավորիտ էր համարվում «Սան Պաուլոն», սակայն էկվադորական ակումբն ավելի լավ իրացրեց իր գոլային պահերը` տանելով 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ։
Խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում էր Արգենտինայում, իսկ «Ինդեպենդիենտեին» հաղթանակ պարգևեցին հենց արգենտինացի ֆուտբոլիստների` Բրայան Դիասի և Լորենցո Ֆարավելիի խփած գոլերը։
Հատկանշական է, որ Էկվադորի Սանգոլկի քաղաքը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչը նույնպես արգենտինացի է` Մարտին Անսելմին։
Նշենք, որ «Ինդեպենդիենտե դել Վալեն» վերջին 3 տարում Կոպա Սուդամերիկանայի հաղթող դառնում է արդեն երկրորդ անգամ։
Ակումբը նման հաջողության հասել էր նաև 2019 թվականին։
Ընդ որում, «Ինդեպենդիենտեն» պատմության մեջ նվաճել է միայն 3 տիտղոս` երկու անգամ դառնալով Կոպա Սուդամերիկանայի, մեկ անգամ` Էկվադորի չեմպիոն (2021 թ.)։
Համեմատության համար` նշենք, որ «Սան Պաուլոն» միայն 6 անգամ դարձել է Բրազիլական Ա սերիայի, 3 անգամ` Լիբերտադորեսի գավաթի, 1 անգամ էլ` Աշխարհի ակումբային չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայան Դիաս, Ինդեպենդյենտե դել Վալե, Լորենցո Ֆարավելի, Կոպա Սուդամերիկանա, Մարտին Անսելմի, Սան Պաուլո