Բավարիան ու Յուվենտուսը բանակցել են խոշոր տրանսֆերի հարցում
«Բավարիան» մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի գոտին։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Յուվենուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի ծառայություններով։
«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը, ով 2007-2011 թթ. հանդես եկել է նաև «Յուվենտուսի» կազմում, հուլիսի 11-ին մեկնել է Թուրին և գործարքի հարցում բանակցություններ է վարել «բյանկոներիների» ղեկավարության հետ։
Բանակցություններից հետո բոսնիացի ֆունկցիոները նշել է. «Տեսնենք։ Դեռևս ոչինչ չեմ կարող ասել Մաթիյս դե Լիխտի տրսնսֆերի հարցում։ Մենք միշտ լավատես ենք նման հարցերում»։
Get German Football News-ը հայտնում է, որ մյունխենյան ակումբը տրանսֆերի հարցում առաջին առաջարկն է կատարել «Յուվենտուսին» ու պատրաստ է եղել գործարքի դիմաց վճարել 60+10 մլն եվրո, սակայն այն մերժվել է։
Bild-ի տեղեկություններով «ծեր սենյորան» 22-ամյա պաշտպանի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 75-80 մլն եվրո։
Դրան զուգահեռ, ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ նշում է, որ մյունխենյան ակումբը բանակցությունների արդյունքում անձնական պայմանագիր է համաձայնեցրել Դե Լիխտի հետ։
Սպասվում է, որ եթե գործարքի հարցում կողմերը հասնեն վերջնական համաձայնության, հոլանդացի պաշտպանը մյունխենյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 12 մլն եվրո։
Կան խոսակցություններ, որ «Չելսին» նույնպես հետաքրքրված է 22-ամյա պաշտպանի տեղեկություններով, սակայն լոնդոնյան ակումբը պատրաստ չէ բավարարել «Բավարիայի» ֆինանսական պահանջները։
Հավելենք, որ մոտ օրերս «Բավարիայի» ու «Յուվենտուսի» ներկայացուցիչները կրկին կհանդիպեն ու գործարքի հարցում կշարունակեն բանակցությունները։
«Բավարիան» հուսով է, որ հաջորդ բանակցությունների ընթացքում կկարողանան վերջնական համաձայնության հասնել թուրինյան ակումբի հետ` ավարտին հասցնելով գործարքը։
Հիշեցնենք, որ Մաթիյս դե Լիխտը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Հասան Սալիհամիջիչ, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո